Թողարկում 72

 

Արեւելյան գործընկերության երկրների մեդիա դաշտերը

2009թ. նոյեմբերին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության առաջին համաժողովը շատ բանով նպաստեց նրա մասնակիցների՝  Եվրամիության այդ նոր նախաձեռնությունից ունեցած ակնկալիքների ձեւավորմանը եւ իր դերի գիտակցմանն այդ գործընթացներում: Բրյուսելում մշակված եւ ՔՀՀ երկրորդ՝ բեռլինյան հանդիպմանը լրացված առաջարկություններն առնչվում էին ԱլԳ թեմատիկ բոլոր 4 պլատֆորմներին: Ձեւավորված աշխատանքային խմբերն ու ենթախմբերը ձգտում են մեկտեղել, համախմբել տարբեր ոլորտներում  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փորձը, գիտելիքները, շահերի պաշտպանության հմտությունները՝ գործընկեր երկրներում բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը նպաստելու համար:

ՔՀՀ շրջանակներում ստեղծվեց նաեւ զանգվածային լրատվամիջոցների խնդիրներով զբաղվող աշխատանքային ենթախումբ, որի կազմում ընդգրկվեցին Համաժողովի մասնակից կազմակերպություններ ԱլԳ բոլոր վեց երկրներից եւ Եվրամիությունից: ՔՀՀ աշխատանքային այս ենթախմբի երկամյա գործունեության ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ, քննարկվել մեդիա ոլորտում աշխատող ՔՀԿ-ների գործունեության ակտիվացմանը նպաստող քայլեր՝ ուղղված ԱլԳ ամբողջ տարածաշրջանում խոսքի ազատության մակարդակի բարձրացմանը: 

Աշխատանքային ենթախմբի գլխավոր նախաձեռնություններից մեկը դարձավ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի զանգվածային լրատվության միջոցների վիճակի տեսության համատեղ պատրաստումը: Այդ ոլորտի տարբեր տեսանկյունների մեկտեղված ներկայացումը հնարավորություն է տալիս ի հայտ բերել ինչպես ընդհանուր, տարածաշրջանի բոլոր երկրների համար բնորոշ խնդիրները, այնպես էլ  առանձնահատուկ հիմնահարցեր: Տեսության պատրաստմանը մասնակցած լրագրողական կազմակերպությունները եւ մամուլի փորձագետներն աշխատանքն անվանել են «Արեւելյան գործընկերության երկրների մեդիա դաշտեր», ակնկալելով, որ փաստերով եւ վերլուծություններով հարուստ այս աշխատանքն օգտակար  ռեսուրս կարող է ծառայել ԱլԳ շրջանակներում տեղեկատվական ոլորտի բարեփոխումների քաղաքականության մշակման համար:

Ցավոք, խոսքի ազատության խնդիրները տեղ չեն գտել ԱլԳ պաշտոնական 1-ին պլատֆորմի հրատապ օրակարգում, եւ այս հրատարակության հեղինակներն ակնկալում են, որ ԶԼՄ-ների իրական հիմնախնդիրների հանդեպ ուշադրության ապահովումը կարող է նպաստել ԱլԳ շրջանակներում անկախ եւ պրոֆեսիոնալ մամուլի ստեղծմանն ուղղված կոնկրետ խնդիրների ձեւակերպմանը: Ազատ եւ որակյալ ԶԼՄ-ները կարող են կարեւորագույն դեր խաղալ Արեւելյան գործընկերության եւ եվրոպական ինտեգրացիայի բոլոր գործընթացներում:

«Մեդիա դաշտեր»-ի պատրաստման ընթացքում բոլոր վեց երկրներին նվիրված բաժինների համար մշակվել է միասնական կառուցվածք եւ համաձայնեցվել են ընդհանուր մոտեցումներ: Հրատարակության վրա աշխատելիս Երեւանի մամուլի ակումբը, գործընկեր կազմակերպությունները եւ հեղինակները պարբերաբար անցկացրել են խորհրդակցություններ, որոնք նրանց օգնել են ստեղծել տարածաշրջանի տեղեկատվական դաշտի ընդհանուր պատկերը: Տեսությունն ընդգրկել է ամենատարբեր հարցեր՝ սկսած մամուլի օրենսդրությունից մինչեւ լրագրողական կրթահամակարգ, մամուլի շուկայից մինչեւ սոցիալական ցանցերի զարգացում եւ այլն: Նրանում արտահայտվել են ինչպես ԱլԳ երկրների ԶԼՄ-ների ազատության ընդհանուր մարտահրավերները, Ինտերնետը վերահսկելու, թվային հեռարձակմանն անցումը հեռուստաեթերի հետագա մենաշնորհայնացման համար օգտագործելու փորձերը, գրաքննության թաքնված, «ճկուն» ձեւերի կիրառումը, այնպես էլ «ազգային առանձնահատկություններ» հանդիսացող սպառնալիքները. ընդդիմադիր լրագրողների նկատմամբ քաղաքական հետապնդումները, վարկաբեկման, անվանարկման մասին օրենքները քննադատական ԶԼՄ-ների հանդեպ տնտեսական ճնշումների միջոց դարձնելը եւ այլն:

Երեւանի մամուլի ակումբը եւ ԱլԳ ՔՀՀ մեդիա աշխատանքային ենթախմբի անդամները հույս ունեն, որ իրենց աշխատանքը մասնագիտական լայն հետաքրքրություն  կառաջացնի ԱլԳ երկրներում եւ Եվրամիությունում, եւ շնորհակալություն են հայտնում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամին՝ տեսության նախապատրաստական աշխատանքներին, հրատարակությանը եւ շնորհանդեսի կազմակերպմանն աջակցելու համար:

«Արեւելյան գործընկերության երկրների մեդիա դաշտերը» գրքի ստեղծման վրա աշխատել են հրատարակության խմբագիր Էլինա Պողոսբեկյանը (Երեւանի մամուլի ակումբ, Հայաստան), Բորիս Նավասարդյանը, Գեղամ Բաղդասարյանը, Արմեն Նիկողոսյանը (Երեւանի մամուլի ակումբ, Հայաստան),Արիֆ Ալիեւը («Ենի նեսիլ» լրագրողական միավորում, Ադրբեջան), Ժաննա Լիտվինան, Անդրեյ Բաստունեցը, Յուրաս Կարմանովը (Լրագրողների բելառուսական ասոցիացիա, Բելառուս), Մանանա Ջախուան («Կանաչ ալիք» ասոցիացիա եւ ռադիո, Վրաստան), Քեթեւան Մսխիլաձեն (ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամ, Վրաստան), Նադինե Գոգուն (Անկախ լրագրության կենտրոն, Մոլդովա), Օկսանա Վոլոշենյուկը, Վալերի Իվանովը («Ուկրաինական մամուլի ակադեմիա» միջազգային բարեգործական հիմնադրամ), Անդրեյ Կուլակովը, Վլադիմիր Երմոլենկոն, Վիտալի Մորոզը, Իրինա Չուպրինան («Ինտերնյուս- Ուկրաինա»), Օլեգ Խոմենոկը, Տատյանա Կոտյուժինսկայան (Ուկրաինա), խմբագիր թարգմանիչներ՝ Աննա Սիմոնյանը, Իռեն Ալոյանը եւ դիզայներ- էջադրող՝ Ռենատա Ս.-ն:

Ներբեռնել հրատարակությունը ռուսերեն. Медиа ландшафты стран Восточного партнерства

Ներբեռնել հրատարակությունն անգլերեն.  Media landscape of Eastern Partnership countries

Նորություն թեմայի վերաբերյալ. Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, Վարշավայում տեղի ունեցավ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ Երեւանի մամուլի ակումբի հրատարակած «Արեւելյան գործընկերության երկրների մեդիա դաշտերը» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչներն էին Լեհաստանի Հասարակական հարցերի ինստիտուտը եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը:

 

Մեկնարկեց Սևծովյան ավազանի համագործակցության առաջին ծրագիրը Հայաստանում

Սևծովյան ավազանի համագործակցության (ՍԱՄՀ) ծրագրի առաջին հայցի շրջանակներում հայաստանյան կազմակերպություններից Ուրբան հիմնադրամը շահել է միակ դրամաշնորհը։ Ծրագրի ընթացքում  Ուրբան հիմնադրամը գործակցելու է  վրացական, մոլդովական և ռումինական կազմակերպությունների հետ, ընդ որում նախատեսված գործողություններն իրականցվելու են ինտեգրված եղանակով` բոլոր գործընկերների միաժամանակյա ներգրավմամբ։ Ծրագրի բովանդակությունը համապատասխանում  է ՍԱՄՀ  «Վարչական կարողությունների զարգացում» նպատակին։ ՍԱՄՀ ծրագիրը Եվրոպական հարևանության և համագործակցության  2007-2013թթ. ժամանակահատվածում գործող ծրագրերից է։ Դրան կարող են մասնակցել Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կառույցները։ Ծրագրի նպատակն է՝ թափ հաղորդել մասնակից երկրների տնտեսական ու սոցիալական կայուն զարգացմանը, բնապահպանական մարտահրավերների դիմակայմանն ու մարդկային շփումներին` տարածաշրջանային համագործակցության ու փորձի փոխանակման միջոցով։

Advertisements
This entry was posted in Հայերեն, Uncategorized. Bookmark the permalink.