Թողարկում 71

ԱլԳ  քաղաքացիական հասարակության համաժողովի «Դեպի եվրոպական համայնքի ժողովրդավարություն, բարեկեցություն եւ ուժեղ քաղաքացիական հասարակություն» կոնֆերանսի մասնակիցների հայտարարությունն՝ ուղղված ԱլԳ վարշավյան գագաթաժողովին

Վարշավա, 29 սեպտեմբերի, 2011թ. 

  1. Արեւելյան գործընկերության  քաղաքացիական  հասարակության  համաժողովի մասնակիցներն իրենց  շարունակական  մտահոգությունն են հայտնում  մարդու իրավունքների ընթացիկ խախտումների  եւ ԱլԳ որոշ երկրներում  քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ: Մտահոգության հիմնական պատճառը վերջերս բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկու ձերբակալումն է, նրա եւ Բելառուսի այլ քաղբանտարկյալների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
  2. Մենք՝ կոնֆերանսի մասնակիցներս, Եվրամիությանը կոչ են անում ավելի հետեւողական քաղաքականություն վարել  ԱլԳ բոլոր երկրների քաղաքական զարգացումների նկատմամբ: Մենք հորդորում ենք ԵՄ ինստիտուտների միջոցով ԱլԳ  բոլոր երկրներում միաձայն դատապարտել քաղաքացիական այնպիսի իրավունքների սահմանափակումը, ինչպիսիք են ազատ ընտրությունների, հանրահավաքների եւ ազատ խոսքի իրավունքը:
  3. Կոնֆերանսի մասնակիցները կոչ են անում ավելի մեծ աջակցություն ցուցաբերել ԱլԳ քաղաքացիական հասարակության համաժողովին՝ ինչպես մշտական քարտուղարության ստեղծելու, այնպես էլ  ԱլԳ քաղաքացիական հասարակության համաժողովի ներկայացուցիչներին Արեւելյան գործընկերության համապատասխան պլատֆորմներում, այդ թվում նաեւ գագաթաժողովներում հանդես գալու եւ մեկնաբանություններ անելու հնարավորություն ընձեռելով: Մենք ակնկալում ենք ավելի լայն գործնական աջակցության ԱլԳ առաջնահերթություններ հանդիսացող ծրագրերի եւ ԱլԳ միջկառավարական այլ նախաձեռնությունների անկախ մոնիտորինգ իրականացնելու հարցերում:


Քաղաքացիական հասարակության համաժողովի պաշտոնական դիրքորոշումը Արեւելյան գործընկերության գագաթաժողովի վերաբերյալ

(Պատրաստվել է ՔՀՀ Ղեկավար կոմիտեի կողմից)

Վարշավա, 29 սեպտեմբերի, 2011թ.

Արեւելյան գործընկերության սկզբնական փուլն ավարտված է: Այսօր խիստ անհրաժեշտ է ԵՄն, գործընկեր երկրները եւ քաղաքացիական հասարակությունները միավորող համագործակցության եւ համատեղ ջանքերի գործադրմամբ ԱլԳ ծրագրերում ներառված բոլոր ոլորտներում նոր լիցք հաղորդել Արեւելյան գործընկերությանը

Արեւելյան գործընկերության ներուժն ամբողջ ծավալով զարգացնելու եւ գործարկելու համար անհրաժեշտ է եվրոպական հարեւանության երկրներին առաջարկել ԵՄ շրջանակներում այնպիսի որոշակի հեռանկար, ինչպիսին սեկտորային ինտեգրումն է: Սույն փաստաթղթում ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովը վերստին հայտարարում է որպես Արեւելյան գործընկերության զարգացման լիիրավ մասնակցի ունեցած իր դերի մասին եւ առաջարկում դրա իրականացմանը նպաստող մեխանիզմներ:

Հեռանկարներ եւ առաջարկություններ

1. Ժողովրդավարական հասարակության ուժեղացում

1.1. Քաղաքացիական հասարակության համաժողովը Եվրահանձնաժողովին եւ ԱլԳ անդամ երկրների կառավարություններին կոչ է անում ակտիվացնել երկխոսությունը, համագործակցությունը եւ ինտեգրացիոն գործընթացները Արեւելյան գործընկերության շրջանակներում՝ հավատարմորեն հետեւելով Կոպենհագենյան չափորոշիչներով առաջարկվող սկզբունքներին եւ մոդելներին: Քաղաքացիական հասարակության համաժողովը վերահաստատում է իր դերը եւ հնարավորություններն ԱլԳ անդամ երկրների կառավարությունների կողմից ստանձնված պարտավորությունների կատարման վերահսկողության խստացման եւ որակի բարձրացման մեջ:

1.2. ԱլԳ հետագա քայլերի իրականացման նպատակով ընդունվող որոշումների մասնակցայնության եւ մեխանիզմների արդյունավետության էական բարելավման համար անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքացիական հասարակության փորձագիտական ներուժը:

1.3. Քաղաքացիական հասարակության համաժողովն աջակցում է Քաղաքացիական հասարակության գործիքի ներդրմանը, որը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կօգնի առավել ակտիվ եւ արդյունավետ դերակատարություն ունենալ Արեւելյան գործընկերությունում: Համաժողովը հաստատում է ԱլԳ յուրաքանչյուր երկրում ստեղծված Ազգային պլատֆորմների մասնակցության անհրաժեշտությունն այդ Գործիքի հիմնական առաջնահերթությունների եւ գործունեության ձեւերի մշակման հարցերում:

1.4. Քաղաքացիական հասարակության համաժողովը ողջունում է դիվանագիտական որոշումները, որոնք ԱլԳ երկրներում չճանաչված քաղաքական սուբյեկտներ հանդիսացող միավորների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին համարում են ՔՀ համաժողովի մաս՝ ապահովելով դրա բաց, մասնակցային եւ գործակցային լինելը: Քաղաքացիական հասարակության համաժողովն առաջարկում է ընդգծել ԱլԳ իշխանությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղական գնահատման կարեւորությունը Գործընկերության համընդհանուր նպատակներին հասնելու համար:

1.5. Քաղաքացիական հասարակության համաժողովը ողջունում է Բելառուսի քաղաքացիական հասարակությունն իր գործընկերը համարելու՝ Եվրահանձնաժողովի մոտեցումը, եւ չնայած բելառուսական կառավարության հետ հարաբերությունների դե ֆակտո կասեցված լինելուն, բելառուսական քաղաքացիական հասարակություն կազմակերպությունները ճանաչում է որպես ՔՀՀ անքակտելի մաս: Քաղաքացիական հասարակության համաժողովը հետեւում է նաեւ Ադրբեջանում 2011թ. ապրիլին տեղի ունեցած բողոքի ցույցերի եւ դրանց հետեւած ձերբակալություններից հետո ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակին: Քաղաքացիական հասարակության համաժողովը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել ժողովրդավարական ակցիաների ժամանակ եւ դրանցից հետո բոլոր ձերբակալվածներին:

2. Ասոցացում սեկտորային ինտեգրման միջոցով

2.1. ԵՄ քաղաքականության հետ մեձեցումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միգրացիան, առեւտուրը, էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը, փոքր եւ միջին բիզնեսը եւ նորարարությունները, կրթությունը եւ այլն, անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ԵՄ հետ ԱլԳ գործընկեր երկրների աստիճանական սեկտորային ինտեգրման համար: Հարկավոր է անհրաժեշտ ուշադրություն դարձնել երիտասարդական, կամավորական եւ մշակութային փոխանակումներին նպաստող ոչ ինստիտուցիոնալ ցանցերին: Վիզաների ազատականացման, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի, Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) համաձայնագրերը եւ համապատասխան ինստիտուցիոնալ այլ ծրագրեր պետք է ծառայեն այդօրինակ մերձեցման իրավական մեխանիզմների խորացմանը: Քաղաքացիական հասարակության համաժողովը, մասնավորապես, կոչ է անում քայլեր ձեռնարկել վիզային ռեժիմի լիակատար ազատականացման ուղղությամբ, երբ Արեւելյան գործընկերության առանձին երկրներ ընդունեն համաձայնեցված պայմանները:

2.2. Հնարավոր բոլոր ոլորտներում ԱլԳ երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցության ընդլայնումն առավել կայունություն կապահովի եւ կնպաստի փոխգործակցությանը եվրոպական ինտեգրումն արագացնող տարբեր նախաձեռնությունների միջեւ:

3. ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի ամրապնդումը եվրոպական ինստիտուտների ընտանիքում

3.1. Հաշվի առնելով Քաղաքացիական հասարակության համաժողովի աճող ներուժը, գնալով ավելի ակնհայտ են դառնում նրա դերը սահմանափակող տեխնիկական դժվարությունները: Քաղաքացիական հասարակության համաժողովի մշտական քարտուղարության հիմնադրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ աշխատել: ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների լիարժեք համագործակցության համար անհրաժեշտ է ապահովել նաեւ ԵՄ երկրների քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

3.2. Քաղաքացիական հասարակության համաժողովն առաջարկում է Արեւելյան գործընկերության ծրագրերի պլանավորման, իրականացման, դրանց դիտարկման եւ գնահատման գործում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դիտարկել որպես ԵՄ-ի, ԵՄ անդամ երկրների եւ ԱլԳ պետությունների գործընկերներ: Հարկավոր է այդ գործընթացներում ապահովել ակտիվ համագործակցության եւ տեղեկատվական մատչելիության հնարավոր առավելագույն մակարդակ:

Քաղաքացիական հասարակության համաժողովը եւ նրա հրատապ խնդիրները

ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովը քաղաքականության ձեւավորման ոչ կառավարական մարմին է: Դա նորարարական գաղափար է, որն առավելագույն աջակցություն է ակնկալում: Համաժողովը հնարավորություն է ընձեռում նշանակալիորեն փոխել առկա քաղաքական համակարգը: ԵՄ-ն այդ գործընթացների վրա ազդելու համար պետք է ծրագրային նոր մշակումների միջոցով ինստիտուցիոնալիզացնի Համաժողովի այդ դերակատարությունը՝ քաղաքացիական հասարակությանն օժտելով որոշումների կայացման գործուն իրավասությամբ եւ լեգիտիմությամբ: Քաղաքացիական հասարակության ազդեցիկության մակարդակի աննախադեպ բարձրացումը կարող է հաստատել եվրոպական քաղաքական մոդելը եւ պրակտիկան՝ որպես նորարարական եւ առաջադիմական:

Արեւելյան գործընկերության տարածաշրջանում իրավիճակը եւ ժողովրդավարական գործընթացները շարունակում են մնալ անկայուն: 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմը, 2010թ. դեկտեմբերին Բելառուսի նախագահական ընտրությունների ժամանակ ծավալված իրադարձությունները եւ 2011թ. ապրիլին Ադրբեջանում տեղի ունեցած հասարակական անկարգություններն ընդգծեցին տարածաշրջանի երկրների հետ Եվրամիության կապերի հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: Դա է պատճառը, որ Քաղաքացիական հասարակության համաժողովն անհրաժեշտ է համարում արձագանքել բոլոր այն դեպքերում, երբ ժողովրդավարական սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումները վտանգի տակ են դնում այդ երկրների կայունությունը: Սակայն Քաղաքացիական հասարակության համաժողովի դերը չպետք է սահմանափակվի սոսկ կարծիքների արտահայտմամբ. Անհրաժեշտ են կայունության ապահովման շուրջ պաշտոնական կառույցների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության կոնկրետ մեխանիզմներ:

Վերջին երկու տարիների ընթացքում Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը եղել է ԱլԳ բազմակողմ փոխգործունեության առավել դինամիկ բաղադրիչներից մեկը: ՔՀՀ նվաճումներն առանձնապես կարեւոր են որպես քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման օրինակ՝ շնորհիվ Արեւելյան գործընկերության նպատակները նոր մակարդակի բարձրացնելու նրա կարողության եւ իրական հնարավորության: Համաժողովի ներդրումն է´լ ավելի նշանակալից կարող էր լինել, եթե ԱլԳ-ում քաղաքացիական հասարակության ներուժն ու կարողություններն ըստ արժանվույն գնահատվեին: Որոշ երկրներում ՔՀԿ-ների անբավարար ժողովրդավարական լինելը նույնպես պրոբլեմ է Քաղաքացիական հասարակության համաժողովի ընդհանուր զարգացման եւ ԵՄ-ի, ԵՄ անդամ երկրների եւ ԱլԳ երկրների միջեւ կապերի առավել սերտացման համար: Քաղաքացիական հասարակության համաժողովի միահամուռ ազդեցության, ԱլԳ վեց երկրների եւ ԵՄ պատվիրակների համագործակցության ահռելի ներուժը բավարար չափով չի օգտագործվում: Համաժողովի պատվիրակների համընդհանուր արժեքների սահմանման, հետաքրքրությունների եւ նպատակների մեկտեղման կարողությունն անհրաժեշտ արդյունավետությամբ եւ համոզիչ կերպով չի բարձրացվում միջպետական մակարդակի:

Այդուհանդերձ, արաբական աշխարհում ընթացող վերջին իրադարձություններից ստացված պատմական դասն ակնհայտ դարձրեց, որ ոչ լիակատար կամ ժողովրդավարությունից հեռու պետություններում, որտեղ առավելապես  քաղաքականությունն է որոշում տնտեսական հարաբերությունների վիճակը, խաղի կանոնները փոխվում են՝ իշխանության գլուխ կանգնած մարդկանց պահանջներին համապատասխան: Իրական ժողովրդավարական ինստիտուտների ստորադասությունը տնտեսական կարիքներին, ԵՄ ստանդարտների հանդեպ ձեւական մոտեցումը, ինչպես նաեւ անհրաժեշտ պայմանների բացակայությունը թուլացնում են ժողովրդավարացմանն ուղղված ջանքերի համաձայնեցվածությունը եւ քաղաքացիական հասարակության դերը:

 

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության համաժողովի Բելառուսի ազգային պլատֆորմի հրապարակային կոչն՝ ուղղված Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցներին

28 սեպտեմբերի, 2011թ.

Եվրոպական միության կողմից «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունն առաջարկվել է արեւելյան վեց երկրներում բարեփոխումներին աջակցելու եւ համընդհանուր արժեքների, առաջին հերթին ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հիման վրա Եվրամիության հետ հարաբերություններն ամրապնդելու նպատակով: Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայում տնտեսական եւ սոցիալական առաջընթացին զուգահեռ՝ ԵՄ-ն հավատարիմ է մնում  գործընկեր վեց երկրներում ժողովրդավարական ներմերի եւ արժեքների հետագա տարածման գաղափարին:

Արեւելյան գործընկերության երկրորդ գագաթաժողովը, որը տեղի է ունենալու 2011թ. սեպտեմբերի 29-30-ին, Վարշավայում, լավ հնարավորություն է բարձր մակարդակով վերլուծելու ԱլԳ նախաձեռնության իրականացման առաջընթացը, քննարկելու առաջնահերթությունները եւ հետագա անելիքները: Գագաթաժողովի Ամփոփիչ Հռչակագիրը կարտացոլի համագործակցության իրական մակարդակը եւ կառաջարկի հարաբերությունների զարգացման հեռանկարներ:

ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովը շարունակում է անհանգստանալ ԱլԳ անդամ երկրներից մեկում՝ Բելառուսում մարդու իրավունքների վիճակով: Մենք ողջունում ենք  այդ հարցերը վարշավյան գագաթաժողովում բարձրացնելու Եվրամիության ջանքերը, ինչպես նաեւ ԵՄ վճռականությունը՝ որպես Բելառուսի հետ երկխոսություն սկսելու նախապայման՝ առաջ քաշելով քաղբանտարկյալների ազատ արձակումը: Քաղաքական բանտարկյալների առկայությունը, նրանցից ոմանց նկատմամբ կիառված խոշտանգումները, քաղաքական եւ քաղաքացիական գործունեության նկատմամբ հետապնդումները, հավաքների, միավորումներ ստեղծելու, խոսքի ազատության  խիստ սահմանափակումները պետք է լուրջ ուշադրության առարկա դառնան:

Մենք ափսոսանք ենք հայտնում այն կապակցությամբ, որ Գագաթաժողովի Հռչակագրի նախնական տարբերակում ներառված չէ ԱլԳ հինգ երկրների կողմից ԵՄ դիրքորոշման պաշտպանության հարցը: Մենք կոչ ենք անում Հայաստանի, Վրաստանի,Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կառավարությունների ղեկավարներին՝ Բելառուսի հանդեպ իրենց տեսակետները նույնականացնել Եվրամիության դիրքորոշման հետ:Մենք համարում ենք, որ ԱլԳ երկրները ԵՄ անդամ 27 երկրների հետ կարող ենք լուրջ ահազանգ հղել բելառուսական իշխանություններին՝ կոչ անելով նրանց՝ անհապաղ ազատ արձակել եւ վերականգնել քաղբանտարկյալների իրավունքները եւ երկխոսություն սկսել քաղաքական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.