Թողարկում 70

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 Մամուլի հաղորդագրություն 

Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է սկսել Հայաստանի հետ վիզաների ազատականացման եւ ռեադմիսիայի պայմանագրերի շուրջ բանակցությունները

Բրյուսել, 19 սեպտեմբերի, 2011 

Եվրահանձնաժողովն այսօր հայտարարել է կարճաժամկետ վիզաների ազատականացման, ինչպես նաեւ անօրինական միգրանտների վերադարձի (ռեադմիսիայի) վերաբերյալ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ պայմանագրերի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: 

«Վիզաների ստացման դյուրացումը կխթանի համագործակցությունը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ: Վիզաների ազատականացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերն Արեւելյան գործընկերության տված շոշափելի արդյունքներից են, եւ ես գիտեմ, թե դրանք որքան կարեւեր են այս երկրների քաղաքացիաների համար»,- ասել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլյա Մալմսթրյոմը: 

«Մարդկային գործոնն Արեւելյան գործընկերության կարեւորագույն կողմերից է: Վիզաների ազատականացման միջոցով շարժունակության եւ միջանձնային կապերի խթանումը հիմնարար դեր կարող են ունենալ սոցիալական եւ տնտեսական զարգացման եւ մարդկային փոխըմբռնման խորացման մեջ: Հայաստանի հետ վիզաների ազատականացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունների սկսումը նշանակալի քայլ է այդ ուղղությամբ»,- նշել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Եվրահանձնաժողովն առաջարկում է սկսել  Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզաների ազատականացման վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Համաձայնագիրը հիմնված կլինի փոխըմբռնման վրա եւ Հայաստանի քաղաքացիների համար կապահովի մուտքի արտոնագրերի ստացման դյուրացում: Վիզաների ազատականացմանը վերաբերող առաջարկությունների ցանկը ներառում է վիզաների ստացման համար ներկայացվող հավաստագրված փաստաթղթերի պարզեցում, բազմակի մուտքի վիզաների գործողության ժամկետների երկարացում, զբոսաշրջիկների որոշակի խմբերի համար վճարվող գումարի չգանձում/նվազեցում, մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացների համար սահմանված ժամկետների կրճատում, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց՝ մուտքի արտոնագրերի ստացումից ազատում:

Միաժամանակ, Եվրահանձնաժողովն առաջարկում է մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը զուգակցել անօրինական միգրանտների վերադարձի (ռեադմիսիայի) մեխանիզմների համաձայնեցմանը: Ռեադմիսիայի համաձայնագրի շուրջ բանակցությունները կապահովեն Եվրամիության կամ Հայաստանի տարածքում առանց թույլտվության գտնվող քաղաքացիների վերադարձը:

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի հետ վիզաների ազատականացման եւ ռեադմիսիայի համաձայնագրեր շուրջ բանակցությունները սկսվել են 2009 թվականի մայիսին տեղի ունեցած Արեւելյան գործընկերության Պրահայի գագաթաժողովի՝ միջանձնային շփումների ակտիվացման վերաբերյալ քաղաքական հանձնառության արդյունքում: Այս մոտեցումն առավելապես վերահաստատվել է Արեւելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների 2010թ. դեկտեմբերյան հանդիպման եզրակացություններում: Բանակցային գործընթացներն ավարտելուն պես՝ վիզաների ազատականացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը կարող են ուժի մեջ մտնել միաժամանակ:

ՀՀ-ն ու ԵՄ-ն պատրաստակամ են էլ ավելի խորացնել հարաբերությունները՝ եվրոպական հարեւանության նորացված քաղաքականության շրջանակում

Բրյուսել, 20 սեպտեմբերի, 2011

http://www.gov.am 

Սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ համատեղ ծրագրերի կատարողականի վերաբերյալ հարցեր: Վարչապետը ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարին է ներկայացրել Հայաստանի՝ 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգը, որի նպատակն է՝ նոր թափ հաղորդել մեր երկրի՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակում իրականացվող գործողություններին:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը եւ Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի սղագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե – Հանդիպմանը մենք գոհունակությամբ արձանագրել ենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ինտենսիվորեն շարունակվել են երկկողմ քննարկումները եւ դա հիմնավոր պատճառ ունի: Մենք երկուստեք հավատարիմ ենք մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանն ու սերտացմանը: Գտնում ենք, որ ինտենսիվ շփումները մեր միջեւ համահունչ են Հայաստանում բարեփոխումների օրակարգի ընդլայնմանը: Գնահատում ենք այն դրական առաջընթացը, որ Հայաստանը ձեռք է բերել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակում, մասնավորապես, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ նախապատրաստական աշխատանքների իրականացումը եւ այլն:

Ուրախ եմ հայտարարելու, որ Եվրոպական հանձնաժողովը վերջերս է հաստատել Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի պայմանագրի շուրջ բանակցություններն սկսելու որոշումը: ԵՄ-ի խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել հայաստանյան իշխանություններին՝ իր կատար ածելու բարեփոխումներն Ասոցացման համաձայնագրի կարեւորագույն ոլորտներում: Պատրաստ ենք օժանդակություն ցուցաբերել ձեր երկրին՝ ներքին հավակնոտ բարեփոխումների իրականացման շուրջ եւ արդեն իսկ կրկնապատկել ենք այս ուղղությամբ տրամադրվող օժանդակությունը:

Դեռեւս անելիքներ կան, եւ ես կոչ եմ անում Հայաստանին՝ շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ հիմնվելով ձեռք բերած շատ լավ առաջընթացի վրա: Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն արգասաբեր քննարկում ենք ծավալել, եւ ԵՄ-ն ու Հայաստանը պատրաստակամ են էլ ավելի խորացնել հարաբերությունները եվրոպական հարեւանության նորացված քաղաքականության շրջանակում:

Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը կարեւոր հանգուցային կետ է լինելու, որտեղ կվերահաստատվի եւ նոր լիցք կհաղորդվի Արեւելյան գործընկերության ծրագրին, որպեսզի դրա մասնակից պետություններն էլ ավելի մոտենան Եվրամիությանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շտեֆան Ֆյուլեին այս կարեւոր եւ օգտակար հանդիպման համար: Հանդիպման ընթացքում իրականացրեցինք մտքերի փոխանակում՝ մեր ծրագրերի կատարողականի վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացրեցինք 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգ, որի նպատակն է՝ նոր թափ հաղորդել Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող գործողություններին:

Շնորհակալ ենք Եվրամիության մեր գործընկերներից, որոնք դրական են գնահատել  այն քայլերը, որ վերջին ամիսների ընթացքում իրականացրել ենք: Շնորհակալ ենք նաեւ Եվրամիության օժանդակության համար, որն ավելացնելու է այն ֆինանասավորումը եւ տեխնիկական օժանդակությունը, որն ուղղվելու է մեր կողմից ներկայացված 33 ուղղություններով բարեփոխումների նոր օրակարգից բխող միջոցառումների իրականացմանը: Մենք համոզմունք ենք հայտնել, որ մեր երկիրն ամբողջությամբ ի վիճակի է կատարել ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները: Համոզված ենք նաեւ, որ շատ շուտով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի մասին հայտարարությունն իրեն սպասեցնել չի տա:

ՀարցՀարցս ուղղում եմ Պարոն Ֆյուլեին: Հայաստանի պաշտոնյաներից մենք հաճախ ենք լսում, որ Եվրահանձնաժողովը պետք է այսպիսի մոտեցում որդեգրի. որքան շատ բարեփոխում, այնքան շատ աջակցություն: Այս մոտեցումը ձեզ համար որքանո՞վ է ընդունելի:

Շտեֆան Ֆյուլե – Եթե Հայաստանը շարունակի իր շատ լավ աշխատանքը բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ապա միանշանակ կհամապատասխանի Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականության ձեր նշած սկզբունքին: Որքան Հայաստանը շատ խորանա բարեփոխումների ուղղությամբ, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից՝ ուղղված բարփոխումների իրականացմանը: «Ավելին` ավելիի դիմաց» պայմանը գործելու է մեր բոլոր հարեւանների նկատմամբ:

Այսօր ես պարոն վարչապետից ստացա Հայաստանի բարեփոխումների նոր օրակարգը: Պայմանավորվել ենք մեր հետագա քայլերի շուրջ, որոնք համահունչ կլինեն Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի միջեւ համաձայանեցված գործողություններին, թե ինչպես համատեղ ձեւավորել այն գործիքակազմը, որը կօգնի մեր հայ գործընկերներին՝ կատարելագործել բարեփոխումների կառավարումը: Շատ կարեւոր է, որ ողջ հայ ժողովրդին տեղեկացնենք, որ այն, ինչ անում ենք, կոնկրետ օգուտներ է բերելու:

Եթե դիտարկենք ԵՄ-ի նոր հարեւանության քաղաքականությունը, որը վերանայվել է հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի կողմից, ապա այնտեղ ձեւավորված են նոր սկզբունքներ, որոնցում մանրամասնեցվել են կոնկրետ գործիքներ: Շուտով Արեւելյան գործընկերության քաղաքականության ծրագրի մասնակից պետությունների համար մենք հայտարարելու ենք «Օժանդակություն գործընկերների բարեփոխումներին եւ ներառական աճին» խորագրով երկամյա ծրագրերի նոր փաթեթի մասին, որի շրջանակում առաջիկա երկու տարիների ընթացքում լրացուցիչ գումարներ կարող են հատկացվել վերջիններիս: Այն պետությունները, որոնք իսկապես խորը բարեփոխումների ուղիով կգնան, կարող են ավելին ակնկալել Եվրամիության կողմից, այդ թվում նաեւ ֆինանսների տեսքով: Այսօրվա միտումները պահպանելու դեպքում Հայաստանը հայտնվում է շատ լավ դիրքերում, որպեսզի ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող թեկնածուներից մեկը լինի այդ «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքից օգտվելու համար:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.