Հայտամրցույթի հրավեր (09/08/2011)
Եվրոպական հարեւանության քաղաքականության գործիք
Հայտամրցույթի համարը` EuropeAid/131659/C/SER/AM
Եվրոպական հանձաժողովը հայտամրցույթի է հրավիրում ծառայություններ մատուցող կազմակերպություններին ԵՀՔԳ 2008 ֆինանսական աջակցության շրջանակներում: Ծառայությունների մատուցման պայմաններին ծանոթանալու եւ խորհրդատվության համար կարող եք դիմել`
Հայաստանում ԵՄ պատվիրակություն
0002 Երեւան
Ֆրիկ 21 փող
Կամ ստանալ հետեւյալ կայքէջից`
– Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայքէջ`
http://eeas.europa.eu/delegations/armenia/index_en.htm
– EuropeAid-ի պաշտոնական կայքէջ`
https://webgate.ec.europa.eu/europeaid/online-services/index.cfm?do=publi.welcome&nbPubliList=15&orderby=upd&orderbyad=Desc&searchtype=RS&aofr=131659
Հարցերը կարող եք ուղարկել հետևյալ ինտերնետային հասցեով`
delegation-armenia-fca-calls@eeas.europa.eu
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2011թ-ի սեպտեմբերի 12-ն է, տեղական ժամանակով ժամը 17:00-ն:
Ինչու են իշխանամետ կազմակերպությունները դուրս մնացել Արեւելյան գործընկերությունից
Արեւելյան գործընկելության Քաղաքացիական հասարակության համաժողովի երրորդ հանդիպման մասնակիցների թվում ընտրված բելառուսական 24 կազմակերպություններից ոչ մեկն իշխանամետ չէ:
Պոզնանի համաժողովը, որ տեղի է ունենալու 2011թ. նոյեմբերի 28-30-ին, Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում քաղաքացիական բաղադրիչը հանդիսացող երրորդ ամենամյա միջոցառումն է:
Ավանդաբար, համաժողովից կես տարի առաջ, ԱլԳ մասնակից վեց երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) պետք է որոշեն հանդիպման մասնակիցներին: Ընդսմին, ըստ կանոնակարգի, ՔՀՀ յուրաքանչյուր հաջորդ հանդիպմանը կարող են մասնակցել նախորդ տարվա հանդիպման մասնակից կազմակերպությունների 60 տոկոսից ոչ ավելին:
Այս տարի Պոզնան մեկնելու ցանկություն էին հայտնել բելառուսական 78 կազմակերպություններ: Ընդ որում, բացի անկախ միավորումներից, քաղաքացիական նախաձեռնություններից եւ «գաղափարների գործարաններից», հայտ էին ներկայացրել նաեւ իշխանամետ կազմակերպություններ՝ Բելառուսի գրողների միությունը, Բելառուսի ժուռնալիստների միությունը, ինշպես նաեւ ոլորտային արհմիությունների մի շարք ներկայացուցիչներ:
Մինսկում հուլիսի 5-ին կայացած ոչ պետական կազմակերպությունների կոնֆերանսի մասնակիցները քվեարկության միջոցով ընտրեցին ԱլԳ ՔՀՀ երրորդ հանդիպման մասնակցության համար երաշխավորված 31 ՔՀԿ-ներ: Անկախ ՀԿ-ներից բացի, ցուցակում ընդգրկվեցին նաեւ Բելառուսի արհմիությունների համագործակցությունը եւ ոլորտային արհմիութենական չորս կազմակերպություններ:
ՔՀՀ 3-րդ հանդիպման մասնակիցների կազմի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվեց հուլիսի 14-16-ին Բրյուսելում կայացած ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:
Արդյունքներից պարզ դարձավ, որ Բելառուսից եւ Հայաստանից ընտրվել են 24-ական, Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ադրբեջանից՝ 23-ական կազմակերպություններ: Եվս 89 տեղ հատկացվել է ԵՄ անդամ պետությունների եւ երրորդ երկրների պատվիրակներին:
Բնութագրական է, որ բելառուսական պատվիրակների թվում, երեք տարվա մեջ առաջին անգամ, իշխանամետ որ մի կազմակերպություն չկա:
ՔՀՀ ղեկավար կոմիտեի անդամ, «Եվրաբելառուս» միջազգային կոնսորցիումի ղեկավար Վլադ Վելիչկոն ընտրության արդյունքները մեկնաբանելիս պարզաբանել է, որ Համաժողովի մասնակիցների վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է երաշխավորված երեք ցուցակներով:
«Առաջին ցուցակը կազվել է Ազգային պլատֆորմի կողմից, երկրորդը՝ ԱլԳ վեց երկրների աշխատանքային խմբերի կոորդինատորների կողմից, իսկ երրորդ ցուցակը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովը: Ազգային պլատֆորմի ցուցակում մեծ թվով իշխանամետներ, օրինակ՝ արհմիութենական կազմակերպություններ են եղել: Սակայն դրանք ընտրությունից դուրս են մնացել, քանի որ երաշխավորված չեն եղել աշխատանքային խմբերի կոորդինատորների եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից»:
«Բելառուսական մաղով» չանցած իշխանամետ կազմակերպություններից մեկնաբանություններ ստանալ TUT.BY-ին չի հաջողվել:
Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման համար: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները կանոնավոր բնույթ են կրում, հատկապես վերջին մեկուկես տարիներին եւ բարձր գնահատեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության դինամիկան: Խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, նշելով, որ ԱԺ-ում գործում է Հայաստան-Լեհաստան բարեկամության պատգամավորական խումբը: Նրա խոսքով` այս ոլորտում համագործակցությունը չի սահմանափակվում միայն երկկողմ ձեւաչափով, այլ տարածվում է ԵՄ հետ Հայաստանի համագործակցության շրջանակներ, միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ փոխգործակցություն, այդ թվում` նորաստեղծ ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական ձեւաչափ:
Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Արեւելյան գործընկերությունը նոր հեռանկար է բացում Հայաստանի համար եւ մեր երկիրը Նախագահի գլխավորությամբ հետեւողական է ԵՄ հետ քաղաքական երկխոսությունն ու աստիճանական տնտեսական ինտեգրումը խորացնելու իր հանձնառության մեջ: Նրա խոսքով` հաջող են ընթանում Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, աշխատանքներ են տարվում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Այս ամենը կոչված է ոչ միայն սերտացնելու Հայաստանի ու ԵՄ միջեւ համագործակցությունը, այլեւ խթանելու մեր երկրում բարեփոխումների արդյունավետ շարունակումը: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց. սեպտեմբերի 30-ին Լեհաստանում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացումը, որի ընթացքում նախատեսվում է ընդունել համատեղ հռչակագիր: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր է, որպեսզի այդ փաստաթուղթը լինի հավասարակշռված. մասնավորապես, խոսքը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանն առնչվող ձեւակերպումներին: Նրա համոզմամբ, առաջիկա գագաթաժողովը խթան կհանդիսանա Արեւելյան գործընկերությամբ սահմանված նպատակների իրականացման համար եւ լավ հնարավորություն է նաեւ բարձր մակարդակով վերահաստատելու մասնակից երկրների քաղաքական հանձնառությունը Արեւելյան գործընկերությանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամայնը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի կապակցությամբ, քանի որ այդ երկիրը հրաժարվում է մասնակցել Արեւելյան գործընկերության այն բազմակողմ ծրագրերին, որտեղ ներգրավված է Հայաստանը: Այդպիսով, վարկաբեկվում է Արեւելյան գործընկեության հիմնական գաղափարներից մեկը` տարածաշրջանային համագործակցությունը: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ որ Լեհաստանի նախագահության ընթացքում առաջընթաց կգրանցվի Արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները երկրի Նախագահի գլխավորությամբ շարունակելու են երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները :
Լեհաստանի Նախագահը նշեց, որ ուրախ է գտնվել ՀՀ Ազգային ժողովում նաեւ այն պատճառով, որ 20 տարի եղել է պատգամավոր, իսկ մինչեւ Նախագահ ընտրվելը զբաղեցրել է Լեհաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը: Նրա խոսքով` խորհրդարանները ժողովրդավարության սիրտն են, որտեղ տեղի են ունենում քաղաքական բանավեճեր եւ ընդունվում են երկրի համար կարեւոր որոշումներ: Նշելով, որ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի` Բրոնիսլավ Կոմորովսկին բարձր գնահատեց երկու երկրների փոխգործակցության մակարդակը` այս համատեքստում կարեւորելով միջխորդարանական համագործակցությունը: Լեհաստանի Նախագահը ընդգծեց, որպես ԵՄ նախագահող երկիր Լեհաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանին եւ կիսվելու իր փորձով եվրաինտեգրման գործընթացում` նշելով, որ իր երկիրը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանն այս ուղղությամբ ունենա հաջողություններ: «Մենք միեւնույն նավի վրա ենք»,- ասաց Բրոնիսլավ Կոմորովսկին: