Թողարկում 63

2011թ. հուլիսի 14-15-ին տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի հանդիպումը

ALDA News

16.07.2011

2011թ. հուլիսի 14-15-ին տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի Ղեկավար կոմիտեի նիստը, ինչպես նաեւ հանդիպումը ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Ֆյուլեի հետ: 

Ղեկավար կոմիտեի 17 անդամները կազմել են Քաղաքացիական հասարակության համաժողովի 2011թ. նոյեմբերի 28-29-ին Պոզնանում կայանալիք     3-րդ հանդիպման մասնակցության հայտատուների վերջնական ցուցակը: Արեւելյան գործընկերության վեց երկրներից եւ Եվրոպական միության երկրներից ընտրված հասարակական կազմակերպությունների թիվը 250 է: Ընտրությունն իրականացվել է այս տարի մասնակցության հայտ ներկայացրած կազմակերպություններից կազմված 3 ցուցակների՝ ԱլԳ երկրների ազգային պլատֆորմների եւ ՔՀՀ թեմատիկ աշխատանքային խմբերի կողմից առաջարկված եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից երաշխավորված ցուցակների հիման վրա:

Ղեկավար կոմիտեի անդամները հանձնակատար Ֆյուլեի հետ հանդիպել էին ներկայումս Արեւելյան գործընկերության քաղաքականության ամենաազդեցիկ գործիքներից մեկը համարվող ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի հետ բազմակողմանի համագործակցության ընդլայնման հետագա քայլերին առնչվող որոշումների կայացման նպատակով:

Հանձնակատար Ֆյուլեն հաստատել է քաղաքացիական հասարակության գործունեությանն աջակցելու իր պատրաստակամությունը եւ ՔՀՀ ազդեցության մեծացման նպատակով  համաժողովի մշտական քարտուղարություն ստեղծելու մտադրությունը: Կարեւորվել է Ազգային պլատֆորմների դերը՝ տեղեկատվության փոխանակման եւ ԱլԳ երկրներում ԵՄ քաղաքականության շրջանակներում համագործակցության մեջ: Այս ուղղությամբ Եվրոպական հանձնաժողովը կարող է արդեն իսկ այս տարվա երկրորդ կեսին ՔՀՀ Ազգային պլատֆորմների, ազգային հաստատությունների եւ Եվրոպական հանձնաժողովի  ներկայացուցիչների միջեւ խորհրդատվական հանդիպումներ կազմակերպել:

Այս օրերին հանդիպումներ են կազմակերպվել Եվրախորհրդարանի անդամ Վերներ Շուլցի հետ, ով Եվրախորհրդարանում ակտիվորեն պրոպագանդում է ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովը, Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի արտաքին կապերի գծով ղեկավար պարոն Սենդի Բոյլի հետ, ԵՄ լեհական նախագահության հարցերով Եվրոպական միության լեհական պատվիրակության անդամ Ադրիան Կլեչինսկու հետ:

Ղեկավար կոմիտեն քննարկել է նաեւ ԱլԳ ՔՀՀ առաջիկա հանդիպման համար Նոր Հայեցակարգի, ինչպես պետությունների ղեկավարների՝ սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք գագաթաժողովին ներկայացվելիք Պաշտոնական փաստաթղթի ստեղծման ուղղությամբ արվող քայլերը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.