Թողարկում 62

ԵՄ-ն 19,1 մլն եվրո կհատկացնի Հայաստանին ինստիտուցիոնալ բարեփոխումների համար

14 հուլիսի, 2011թ.

2011թ. հուլիսի 13-ին Եվրահանձնաժողովը հաստատեց Հայաստանի ամենամայա ծրագրի 2011թ. գործողությունների պլանի առաջին մասը, ինչը թույլ կտա առաջ մղել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործումը Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում:

«Արաբական գարունը գերազանցեց ակնկալիքներն արեւելյան հարեւանության երկրների ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար: Ազդեցությունը, որոնք այդ փոփոխությունները ունեցան արեւելյան գործընկերների, այդ թվում Հայաստանի վրա, չի կարելի անտեսել»,- ասել է եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նա հայտարարել է, որ Գործողությունների ծրագրի ընդունումը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն կարեւորում է բարեփոխումների անցկացումը, որոնք անհրաժեշտ են հարեւան երկրներում բարեկեցություն ապահովելու համար:

Նախապատմությունը. 2011-2013թթ. Հայաստանի հետ համագործակցության ԵՄ գերակայութունները, որ կենտրոնացած են ժողովրդավարական կառույցների եւ արդյունավետ կառավարման բարելավման, ազատ առեւտրի եւ սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումների վրա, համահունչ են Եվրոպական հարեւանության համագործակցության ընթացիկ առաջնահերթություններին:

Ծրագիրը ներառում է.
Ազգային ինդիկատիվ ծրագիրը (ԱԻԾ), 2011-2013 թթ. Հայաստանի համար առանձնացնում է համագործակցության երեք առաջնային ոլորտներ.

1) ժողովրդավարական կառույցներ եւ արդյունավետ կառավարում,
2) առեւտուր եւ ներդրումներ, կարգավորիչ հավասարեցում եւ բարեփոխումներ,
3) սոցիալ – տնտեսական բարեփոխումներ եւ կայուն զարգացում:

Տարեկան գործողությունների ծրագրի (ՏԳԾ) 2011-ի 1-ին բաժինը հիմնականում նախատեսում է Արեւելյան գործընկերության Համապարփակ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում (ՀԻԿՀ) ծրագրի իրականացում, ինչը կարեւոր է Ասոցացման  համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի հիմքերի նախապատրաստման համար:

Աջակցության փաթեթն ուղղված կլինի Հայաստանում երեք հիմնական մարտահրավերների ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը. (1) ԵՄ եւ Հայաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին վերաբերող նախապատրաստական աշխատանքներ, (2)առաջընթաց արդարադատության, ազատության եւ անվտանգության ուղղությամբ բարեփոխումներում, եւ (3) խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների նախապատրաստում: Այս առումով, Հայաստանի Կառավարությունն արդեն հայտարարել է, թե հատկապես որ ինստիտուտներում կա բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն: Ընդսմին, ԵՄ-ն աջակցություն կտրամադրի ընտրված յուրաքանչյուր ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի իրականացմանը:

 

Հայաստանում ապօրինի ծառահատման պատճառ է հանդիսանում վառելափայտի պահանջարկը

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Գնահատելով Հայաստանում անտառային անկայուն գործունեութան եւ ապօրինի անտառահատման տնտեսական եւ սոցիալական ազդեցությունը գյուղական տարածքների վրա՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPI FLEG ծրագրի կատարած հետազոտությունը տեղական համայնքներին առաջարկում է կանոնավոր կերպով օգտագործել չորափայտ:

Զեկույցը, որը վերջերս ներկայացվել է հայկական շահագրգիռ կողմերին, նաեւ նախատեսում է իրականացնել մի շարք պիլոտային ծրագրեր, որոնք, խթանելով այլընտրանքային ռեսուրսների օգտագործումը, ինչպիսիք են բիոգազն ու արեւային էներգիան, կնվազեցնեն վառելափայտի պահանջարկը:

Զեկույցում ամփոփված էին վառելափայտի պահանջարկի, վառելափայտի՝ տնային տնտեսության մեջ սպառման,  ապօրինի անտառահատման ծավալի եւ դրա նվազեցման եղանակների հիմնախնդիրները:  Մամուլի հաղորդագրության համաձայն՝  Հայաստանի «Հայանտառ» պետական անտառային գործակալության գործադիր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն առաջակել է տեղացիներին ազատել չորափայտի դիմաց վճարից: Նա նաեւ առաջարկել է մայրուղիներում տեղադրել շուրջօրյա պահակակետեր, որոնք կիրականացնեն փայտանյութի գույքագրում՝ փայտանյութի մաքսանենգությունը կանխելու նպատակով:

Առաջ է քաշվել նաեւ տեղական համայնքների բնակիչների համար այլընտրանքային զբաղվածության՝ ոչ փայտային անտառամթերքի (հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն եւ սունկ) ընդունման կետերի ստեղծման եւ մեղվաբուծության զարգացման հարցը:

6 մլն եվրո արժողությամբ «Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրների եւ Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում» (ENPI FLEG) ծրագիրն աջակցում է կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը եւ մասնավոր հատվածին՝ մշակել անտառային ռեսուրսների կառավարման հստակ եւ կայուն մեթոդներ, այդ թվում նաեւ ապօրինի անտառահատումների կանխման հարցում:

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 Մամուլի հաղորդագրություն

Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 6-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ապագա համաձայնագրի հիմնական նպատակներին եւ սկզբունքներին, քաղաքական երկխոսությանը եւ արդարադատության ու անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն ամփոփեցին բանակցությունների արդյունքները` փաստելով, որ էական առաջընթաց է գրանցվել 2010 հուլիսի 19-ից մեկնարկած բանակցային գործընթացում: Հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերին:

Հուլիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, միգրացիայի պետական գործակալության, ոստիկանության եւ գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Եվրոպական կողմից նիստին մասնակցում էին ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության, ԵՄ ներքին գործերի եւ արդարադատության գլխավոր տնօրինությունների ներկայացուցիչները:

Նիստին քննարկվեցին ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործընթացը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, սահմաների կառավարմանն առնչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին Հայաստանում եւ ԵՄ-ում վերջին օրենսդրական զարգացումների, Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների եւ այս ոլորտում ԵՄ տրամադրվող աջակցության վերաբերյալ:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.