Թողարկում 61

ԵՄ-ն խոստացել է 47 միլիոն եվրո հատկացնել բարձրագույն կրթության ոլորտում հարեւանների հետ համագործակցության զարգացման համար

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

 Եվրոպական հանձնաժողովը հուլիսի 5-ին հայտարարություն էր տարածել «Տեմպուս» ծրագրի շրջանակներում Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրներում եւ Ռուսաստանում բարձրագույն կրթության ոլորտի զարգացմանը 47 մլն եվրո հատկացնելու մասին: Դա անցյալ տարվա ծրագրի համեմատ 17 մլն եվրոյով ավելի է:

Մամուլի հաղորդագրության մեջ ասված է, որ նոր ֆինանսավորումը «կօգնի կատարելագործել դասավանդումը, ուսուցման մեթոդիկան եւ ուսումնական նյութերը, ինչպես նաեւ կնպաստի գործընկեր երկրներում կրթության որակի եւ բուհերի կառավարման բարելավման երաշխիքների բարձրացմանը»:

Այս որոշումը կնպաստի ԵՄ եւ հարեւան երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ կապերի ընդլայնմանը, համատեղ ծրագրերի եւ գործընկերային միավորումների ստեղծմանը,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: «Տեմպուս»-ի ֆինանսական նոր փաթեթը կաջակցի գործընկերային շուրջ 600 բազմակողմանի ծրագրերի՝ «որոնք ուղղված են հարեւանության երկրներում ուսումնական պլանների եւ ուսուցման մեթոդների, ինչպես  նաեւ քոլեջների, դպրոցների եւ համալսարանների կառավարման արդիականացմանը»:

ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է. «Մարդկային կապիտալի մեջ արվող ներդրումը Եվրոպական հարեւանության քաղաքականության առանցքային նպատակներից է: Եվրամիության եւ Եվրոպական հարեւանության երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ արդյունավետ համագործակցությունը կզարգանա՝ օգնելով գիտելիքների, փորձի եւ գաղափարների փոխանակմանը: Այս ծրագրի ֆինանսավորման զգալի մեծացումը եւս մեկ անգամ վկայում է Եվրամիության ձգտումը՝ աջակցել տարածաշրջանի բարձրագույն կրթությանը»:

Ընդհանուր առմամբ, այս երկրների ավելի քան 450 ուսումնական հաստատություններ հնարավորություն կունենան 2012 թվականից սկսած՝ երկամյա-եռամյա ծրագրերի միջոցով համակարգված համագործակցություն հաստատել ԵՄ նույն թվով ուսումնական հաստատությունների հետ: Պետական եւ մասնավոր հաստատությունները եւ ոչ կառավարական կազմակերպությունները նույնպես կմասնակցեն դրանց, «նպաստելով արդիականության բարձրացմանը եւ հասարակություն-կրթություն կապերի ամրապնդմանը»:

 

Եվրահանձնաժողովն առաջարկում է 2014-2020թթ. համար հարեւանների ֆինանսավորումն ավելացնել 40 տոկոսով՝ հասցնելով մինչեւ 16.1 միլիարդ եվրո

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

 Ըստ Եվրոպական հանձնաժողովի հաջորդ՝ 2014-2020թթ. բյուջեի վերաբերյալ հայտարարության՝ ընդհանուր առմամբ Եվրոպական հարեւանության գործիքի (ԵՀԳ) ֆինանսավորմանը կհատկացվի 16.1 մլրդ եվրո:

Եթե այդ նախագիծը հաստատվի, Հարեւանության քաղաքականության ֆինանսավորումը կաճի ավելի քան 40 տոկոսով՝ համեմատած. ընթացիկ ֆինանսական ժամանակահատվածը ներառող 2007-2013թթ. ԵՀԳԳ շրջանակներում տրամադրված 11.4 մլրդ եվրոյի հետ:

ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր կայքէջում հրապարակված մամուլի հաղորդագրությունում հայտարարել է. «Այսօր Եվրահանձնաժողովն առաջարկեց 4.7 մլրդ եվրոյով ավելացնել ԵՀՔ հաջորդ փուլի ֆինանսավորումը: Ես համոզված եմ, որ Հարավում եւ Արեւելքում մեր գործընկերներին ԵՄ կողմից տրամադրվող աջակցությունն անչափ կարեւոր է՝ ժողովրդավարական գործընթացի հաջողությունը երաշխավորելու եւ տնտեսական եւ սոցիալական զարգացումը բարելավելու համար: Ֆինանսավորման զգալի մեծացումը վկայում է հարեւանների հանդեպ մեր կողմնակցության եւ Եվրամիության համար նրանց աճող կարեւորության մասին»:

Հաղորդագրության մեջ շարադրված են 2013 թվականից հետո իրականացվելիք ֆինանսական պլանի բյուջետային նախապատվությունները, ինչպես նաեւ նոր Բազմամյա ֆինանսական պլանի չափանիշների վերաբերյալ առաջարկություններ: Հաջորդ քայլը կլինի ԵՄ արտաքին ֆինանսավորման ապագա գործիքների վերաբերյալ օրենսդրական առաջարկությունների փաթեթի պատրաստումը, ինչն, ըստ նախատեսվածի, կընդունվի 2011թ. դեկտեմբերին:

Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրոպական հարեւանության ապագա գործիքը կշարունակի ապահովել ԵՀՔ երկրների համագործակցության  երկկողմ, տարածաշրջանային եւ միջսահմանային ծրագրերի ֆինանսավորման մեծ մասը:

Նոր գործիքն առավել չափով հիմնված կլինի քաղաքականության վրա եւ նախատեսում է լինել առավել տարբերակված, ճկուն,  խրախուսանքը խստորեն պայմանավորել երկրների արձանագրած  հաջողություններով՝ խթանելով գործընկերներից յուրաքանչյուրի ձգտումները:

Ըստ Եվրոպական հարեւանության քաղաքականության  նոր հայեցակարգի՝ ապագա ԵՀԳ-ն ֆինանսական հաջորդ փուլի (2014-2020) ընթացքում առավելապես կենտրոնացած կլինի հետեւյալ հարցերի վրա.

  • քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների խթանում հարեւանության ողջ տարածաշրջանում
  • աջակցություն ԵՀՔ գործողությունների պլաններով համաձայնեցված առաջնայնությունների պահպանմանը
  • աջակցություն ԵՄ քաղաքականությանը եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցմանը
  • կայուն եւ բազմակողմանի աճի խթանում
  • միջանձնային կապերի խթանում
  • աջակցություն Հազարամյակի առաջընթացի նպատակների իրականացմանը:

Այդ ոլորտներում ֆինանսավորումը կտրամադրվի ԵՀՔ վերլուծության հիման վրա ս.թ. մայիսի 25-ին ԵՀՔ-ի մասին հայտարարության  մեջ ներկայացված գործունեության նոր ձեւերի աջակցության համար: Եվրոպական հարեւանության երկրների ֆինանսավորումը զգալիորեն մեծացնելու վերաբերյալ որոշումը համապատասխանում է ԵՀՔ նոր հայեցակարգին եւ դրա միջնաժամկետ նպատակներին,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Բազմամյա ֆինանսական պլանը (ԲՖՊ) հաստատվում է յոթը տարին մեկ, այն անվանում են նաեւ ԵՄ «ֆինանսական հեռանկար»: ԲՖՊ-ի իրականացման յուրաքանչյուր ժամկետի ընթացքում սահմանվում է ԵՄ ծախսերի կառուցվածքը եւ առավելագույն ծավալը: ԲՖՊ-ն որոշում է ծախսերի յուրաքանչյուր ընդհանուր կատեգորիայի առավելագույն գումարը՝ հստակ սահմանված ժամկետի համար:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.