Թողարկում 60

«ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի դերը հանրային կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով սեմինար Հայաստանում

 

2011թ. հունիսի 30-ից հուլիսի 2-ը Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Գյումրիում կազմակերպեց սեմինար «ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի դերը հանրային կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով: Սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը:

Սեմինարին մասնակցում էր եւ «ԱլԳ ՔՀՀ հանրային կառավարման գծով առաջարկությունների իրականացման ընթացքը հայաստանյան քաղաքացիական հասարակության տեսակետից» զեկույցով հանդես եկավ Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը: Իր զեկույցում նա հատկապես կարեւորեց համայնքների խոշորացման գործընթացը, ինչը կնպաստի հանրային կառավարման ոլորտում բնակչության ակտիվ մասնակցությանը:

Իր «Հանրային կառավարման ոլորտում ԱլԳ ՔՀՀ-հայաստանյան ՔՀԿ-ներ կապերի ամրապնդման հնարավորությունները» զեկույցը ներկայացրեց «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի համանախագահ Արմինե Թուխիկյանը:

Սեմինարի մասնակիցների հետ իրենց փորձով կիսվեցին Ուկրաինայում PAUCI հիմնադրամի փոխնախագահ Սվյատոսլավ Պավլյուկը եւ Մադրիդի FRIDE միջազգային կազմակերպության հետազոտող Նատալյա Շապովալովան:  Նրանք ներկայացրեցին  ԱլԳ ՔՀՀ հանրային կառավարման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների բարեփոխումների գծով առաջարկությունների իրականացման ընթացքը: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց «ԱլԳ ՔՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի բարեփոխումների գծով առաջարկությունների իրականացման ընթացքը հայաստանյան քաղաքացիական հասարակության տեսակետից» զեկույցը:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԱլԳ ՔՀՀ հայաստանյան ՔՀԿ-ներ կապերի ամրապնդման հնարավորությունները» զեկույցով: Նա կարեւորեց ԱլԳ վեց երկրների միջեւ համագործակցությունը եւ երրորդ երկրների դերը ԵՄ եւ ԱլԳ հարաբերություններում:

Սեմինարին մասնակցում էին հայաստանյան տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ակտիվ քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացնում էին իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Երկօրյա սեմինարը լուսաբանվեց Գյումրիի առաջատար՝ «Ցայգ» եւ «Գալա»  հեուստաընկերությունների կողմից:

Ճանապարհային անվտանգության բարձրացման համար Հայաստանը միացել է թվային տախոգրաֆի համակարգին

20. 06.2011

Հայաստանը պաշտոնապես միացել է Եվրամիությունում եւ հարեւան մի քանի պետություններում գործող ՏԱԽՈՆԵԹ ցանցին, որի նպատակը թվային տախոգրաֆի (հսկիչ սարքերի) քարտերի միջոցով ճանապարհային անվտանգության բարձրացումն է: ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ՏՐԱՍԵԿԱ ծրագրի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ  երկշաբաթյա փորձարկումից հետո Հայաստանը կսկսի տախոգրաֆին առնչվող կանոնների պատշաճ կատարման համար անհրաժեշտ քարտերի տրամադրումը:

2006թ. Հայաստանը միացել է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրին» (ECTR), որը նախատեսում է բեռնատար տրանսպորտային միջոցների վերահսկման համակարգի ներդրում:

ՏՐԱՍԵԿԱ ծրագրի՝  Վերգետնյա տրանսպորտի անվտանգության եւ ապահովության բարձրացման նախագծի շրջանակներում, որի բյուջեն կազմում է 3 միլիոն եվրո, ECTR-ի վերապատրաստման դասընթացներ են անցկացվել մի շարք երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա: ECTR-ի կայացման գործում կարեւորվել է տախոգրաֆների (հսկիչ սարքերի) դերը: Այս ծրագրի ընդհանուր նպատակը ԵՄ հարեւան երկրներում եւ Կենտրոնական Ասիայում բեռնափոխադրումների անվտանգության եւ հուսալիության պայմանների բարելավումն է եւ համապատասխանեցումը վերգետնյա տրանսպորտի ոլորտում առկա եվրոպական չափանիշներին:

ՏՐԱՍԵԿԱ (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք) ծրագիրը նախատեսում է Եվրամիության եւ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի  գործընկեր երկրների համագործակցություն տրանսպորտի ոլորտում: Այն մշտական գործող քարտուղարություն ունի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Համագործակցության շրջանակներն ընդգրկում են ծովային, օդային, ավտոճանապարհային, երկաթուղային տրանսպորտի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապահովությունը: (ENPI Info Centre)  

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.