Թողարկում 59

«ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի դերը  մարդու իրավունքների եւ արդարադատության ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով սեմինար Հայաստանում

 

Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար 2011 հունիսի 23-25-ին Ալավերդիում կազմակերպել էր «ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի դերը  մարդու իրավունքների եւ արդարադատության ոլորտներում բարեփոխումների իրականացման մեջ» թեմայով սեմինար:  Սեմինարին մասնակցում էր եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը:

ՔՀՀ Ղեկավար կոմիտեի անդամ, ՔՀՀ 1-ին աշխատանքային խմբի համակարգող,  ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն իր բացման խոսքում կարեւորեց նման սեմինարների կազմակերպումը հայաստանյան ՔՀԿ-ներին Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի գործունեությանը, աշխատանքային խմբերի ծրագրերին եւ համագործակցության հնարավորություններին ծանոթացնելու իմաստով:

Սեմինարին մասնակցում էր եւ «ԱլԳ ՔՀՀ մարդու իրավունքների գծով առաջարկությունների իրականացման ընթացքը» զեկուցումով հանդես եկավ Շումանի բելառուսական միության տնօրեն, ՔՀՀ 1-ին աշխատանքային խմբի մարդու իրավունքների գծով ենթախմբի անդամ Կատերինա Պշիբիլսկան:

Նույն՝ մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումների եւ ՔՀՀ-հայաստանյան ՔՀԿ-ներ համագործակցության մասին հայաստանյան տեսակետները ներկայացրին Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռեւազյանը եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Եվրոպա» ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանը:

ԱլԳ ՔՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների գծով առաջարկները ներկայացրեց ԵՄԱ փորձագետ Հերիքնազ Հարությունյանը: Փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության հանձնաժողովի նախագահ Վահե Գրիգորյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը եւ ոլորտում տիրող ներկայիս վիճակը:

ԱլԳ ՔՀՀ- հայաստանյան ՔՀԿ-ներ կապերի ամրապնդման հնարավորությունների մասին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԵՄԱ նախագահ, ՔՀՀ Ղեկավար կոմիտեի անդամ Բորիս Նավասարդյանը:  Վերջինս սեմինարի մասնակիցների քննարկմանը ներկայացրեց նաեւ Եվրոպայի տնտեսական եւ սոցիալական կոմիտեի՝ ԵՏՍԿ-ի (EESC) Քաղաքացիական հասարակության համաժողովում՝ 12 երաշխավորված անդամ, ինչպես նաեւ ՔՀՀ Ղեկավար կոմիտեում 3 երաշխավորված ներկայացուցիչ ունենալու առաջարկը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.