Թողարկում 55

ԵՄ պաշտոնյաները ողջունել են համաներումը

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը ս.թ. մայիսի 27-ին հայտարարություններ են տարածել՝ ողջունելով  Հայաստանում ընդհանուր համաներում ընդունելու վերաբերյալ որոշումը:

«Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի նախագահի կողմից առաջարկված եւ մայիսի 26-ին խորհրդարանի կողմից հաստատված ընդհանուր համաներումը: Ես նաեւ ողջունում եմ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը` վերսկսելու 2008թ. ընտրություններին հաջորդած դեպքերի հետաքննությունը: Սրանք կարեւոր զարգացումներ են Հայաստանի համար, որոնք համապատասխանում են ԵՄ կողմից վաղուց հնչեցրած պահանջներին եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին: Խրախուսում եմ Հայաստանի քաղաքական ուժերին՝ օգտվել այս հնարավորությունից` վերսկսելու իրենց երկխոսությունը»,- նշել է Քեթրին Էշթոնն իր հայտարարության մեջ:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը նույնպես ողջունել է խղճի բանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի որոշումը եւ նշել. «Հույս ունեմ, որ երկխոսությունը եւ խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ ավելի բաց վերաբերմունքն առավել կամրապնդվի»:

Բուզեկը ողջունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայումը եւ կոչ արել հիմնական շեշտը դնել ժողովրդավարության վրա

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

26.05.2011

Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը ողջունել է Եվրաhանձնաժողովի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայումը, նշելով, որ հարեւանների հետ ԵՄ-ի հարաբերությունները «կապիտալ վերանորոգման» կարիք ունեն, եւ կոչ է արել «բոլոր անդամ երկրներին՝ հանդես բերել  վճռական աջակցություն եւ պատասխանատվություն»:

Նա իր հայտարարության մեջ ասել է. «Մենք կարիք ունենք բաց գործընկերության, որտեղ մեր քաղաքացիները կարող են իրական մասնակցություն ունենալ: Հարավային Միջերկրյածովյան եւ Արեւելյան Եվրոպայի հանդեպ հարեւանության քաղաքականությունը պետք է միտված լինի այդ առաջնայնությանը: Այն պետք է արտացոլի համագործակցության ոգին եւ բավականաչափ ճկուն լինի՝ յուրաքանչյուր երկրի համար անհատապես ընտրված մոտեցումներն ապահովելու համար»:

Բուզեկը ջերմորեն ողջունել է «ավելին՝ հանուն առավելի» մոտեցումը: «Քաղաքական եւ ֆինանսական առավել զգալի աջակցություն պետք է ստանան հարեւան այն երկրները, որոնք հետեւողականորեն եւ վճռականորեն իրականացնում են բարեփոխումներ եւ շարժվում են գործուն ժողովրդավարություն եւ շուկայական տնտեսություն ստեղծելու ճանապարհով: Մեր համակարգերի համատեղելիության ամրապնդումը որոշիչ նշանակություն ունի եւ կարող է օգտակար լինել բոլոր գործընկերների համար»:

Խոսելով Արեւելյան գործընկերության մասին՝ նա կարեւորել է առավել առաջադեմ գործընկերների՝ ավելի արագ տեղաշարժը դեպի Եվրամիություն: Բուզեկն ավելացրել է նաեւ. «Մենք ստեղծել ենք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը, որը ձգտում է ժողովրդավարության ոգով միավորել փորձը, գաղափարները եւ համընդհանուր արժեքները: Ինչ վերաբերում է Միջերկրածովյան հարավին, ես Միջերկրածովյան միության գործնական վերականգնման կոչ եմ անում: Մենք խորհրդարանական կարեւոր երկխոսություն ենք հաստատել մեր հարավային հարեւանների հետ, եւ դրան պետք է աջակցել պետական մակարդակով իրականացվող գործնական քայլերի միջոցով»:

ԵՀՔ 2010թ. ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԶԵԿՈՒՅՑ – ՀԱՅԱՍՏԱՆ (26.05.2011)

ՀՈՒՇԱԳԻՐ

Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը 2011թ. մայիսի 26-ին հրապարակել են  «հարևանության փաթեթը», որը ներառում է վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) մասին հաղորդագրությունը, 2010թ. զարգացումների վերաբերյալ 12 երկրների զեկույցները, ներառյալ Հայաստանի մասին, ոլորտային զեկույց, ինչպես նաև զեկույց Արևելյան գործընկերության մասին:

Ընդհանուր առմամբ Հայաստանը 2010թ. որոշ առաջընթաց է արձանագրել քաղաքական երկխոսության և բարեփոխումների ոլորտում: Դրական քայլեր են ձեռնարկվել հաղթահարելու քաղաքական ճգնաժամը` աստիճանաբար ազատ արձակելով մի շարք անձանց, որոնք կալանավորվել են 2008թ. մարտի դեպքերից հետո: Լավ առաջընթաց է արձանագրվել զրպարտության ապաքրեականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ամրապնդման առումով: Որոշ առաջընթաց է գրանցվել դատական համակարգի թափանցիկությունն ավելացնելու ուղղությամբ, սակայն ոչ մի առաջընթաց չկա դատական համակարգի անկախության  առումով: Լրատվամիջոցների բազմակարծության առումով առաջընթացը շարունակում է սահմանափակված մնալ. խոսքի և տեղեկատվության ազատության ոլորտում փոքր առաջընթաց կա, սակայն հետագա քայլերն անհրաժեշտ են:

2010թ. առաջընթաց չի գրանցվել  բանտային պայմանների բարելավման առումով:  Կալանավայրերում, ոստիկանական բաժանմունքներում և բանակում զորակոչիկների շրջանում խոշտանգման և դաժան վերաբերմունքի դեպքեր են արձանագրվել, որոնք պատշաճ հետաքննության չեն ենթարկվել: Գլոբալ տնտեսական ճգնաժամով պայմանավորված խիստ անկման պայմաններում 2010թ. նոյեմբերին ԵՄ և Հայաստանը համաձայնություն կնքեցին 100 միլիոն  եվրո ֆինանսական օժանդակության փաթեթի վերաբերյալ: Այնուամենայնիվ, ճգնաժամը խոչընդոտեց տնտեսական բարեփոխումների, աղքատության նվազեցման և շրջակա միջավայրի պահպանման  հարցերի առաջընթացին: Ընդհանուր առմամբ, Հայաստանը վարել է խելամիտ մակրոտնտեսական քաղաքականություն եւ որոշ քայլեր ձեռնարկել տնտեսական անկման ազդեցությունը մեղմելու համար:

2010թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվել են ամենաբարձր մակարդակներում, որի արդյունքում, ի թիվս այլոց, համաձայնություն է ձեռք բերվել գերիների փոխանակման շուրջ:
2010թ. Հայաստանն առաջընթաց է արձանագրել ԵՀՔ Գործողությունների ծրագրի որոշ ոլորտներում, ներառյալ քաղաքական երկխոսության և բարեփոխումների ոլորտում:

ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2010թ. հուլիսին և այժմ հաջող ընթացքի մեջ են:

Քաղաքական երկխոսություն և կառավարում, ներառյալ Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականություն

• 2010թ. Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի հայեցակարգի մշակման համար:  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրավիճակի մշտադիտարկում իրականացնել (2010թ. այն ներկայացրել է 2 հատուկ զեկույց): Սակայն կալանավայրերում խոշտանգման և դաժան վերաբերմունքի դեպքերը շարունակվում են արձանագրվել, և ոչ մի առաջընթաց չի արձանագրվել բանտային պայմանների կամ անչափահասների գծով արդարադատության բարելավման համակարգում:

• Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որը հայաստանյան օրենսդրությունն էլ ավելի կհամապատասխանեցնի միջազգային պարտավորություններին, դրվել է հանրային քննարկման:
• Առաջընթաց է գրանցվել դատական բարեփոխումների իրականացման (2009-2011թթ. Գործողությունների ռազմավարական ծրագրին համապատասխան), մասնավորապես դատական համակարգի թափանցիկության առումով, սակայն դատական համակարգի անկախության հարցը դեռևս լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

• Որոշ քայլեր են ձեռնարկվել կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ներառյալ պետական սեկտորի թափանցիկության ավելացման ուղղությամբ: Բարելավվել է խոսքի և տեղեկատվության ազատությունը, սակայն հեռուստատեսության և ռադիոյի օրենքի լրացումները քննադատության են ենթարկվել ԵԱՀԿ կողմից, քանի որ չեն ապահովում լրատվամիջոցների բազմակարծությունը: Բարելավում է արձանագրվել հավաքների  ազատության հարցում:
• 2010թ. սեպտեմբերին Հայաստանը ստորագրել է Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան և հաստատել է գենդերային քաղաքականության հայեցակարգը:

Հայաստանը համաձայնել է միանալ ԵՄ արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության 44 հայտարարություններից 28-ին: 2010թ. հունիսին և սեպտեմբերին ԵՄ և Հայաստանի միջև տեղի է ունեցել քաղաքական և անվտանգության կոմիտեի քաղաքական երկխոսության երկու հանդիպումներ:

Տնտեսական ինտեգրում և առևտուր

• 2010թ. տնտեսական գործունեությունը վերականգնվել է խորն անկումից: ՀՆԱ աճել է մոտ 4%-ով: Տարվա վերջում գործազրկության ցուցանիշն ընկել է 6.9%-ով:
• Տեղական և արտաքին մատակարարման ցնցումները և գյուղատնտեսական արտադրանքի անկումը 2010թ. նոյեմբերին սղաճը հասցրել է 9.5%-ի:Կենտրոնական բանկի տոկոսադրույքը մնացել է 7.25%
• Ճգնաժամի արդյունքում կառավարությունը հետաձգել է աղքատության նվազեցման ուղղությամբ կայուն զարգացման ծրագրի իրականացումը:
• 2010թ. ԵՄ հետ երկկողմ առևտուրն աճել է, ԵՄ-ից արտահանումը դեպի Հայաստան աճել է 4.2%-ով, իսկ հայկական արտադրանքի արտահանումը դեպի ԵՄ աճել է 59.9 % (այնուամենայնիվ, դրանք մնում են ցածր, հավելյալ նշանակության մի շարք ապրանքատեսակներ)
• Հայաստանը որոշ առաջընթաց է արձանագրել խորը և համապարփակ ազատ առևտրի բանակցությունների համար ԵՄ առաջարկների իրականացման գործում: Կառավարությունը հաստատել է որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը, բարելավել է մաքսային ծառայության ինստիտուցիոնալ կարողությունները, ապրանքների ազատ տեղաշարժի, սանիտարիայի և բուսասանիտարիայի հարցերում գրանցել առաջընթաց և այլն:

Մարդկանց տեղաշարժի, անկանոն միգրացիայի դեմ պայքարի խրախուսում

• Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ԵՄ-Հայաստան ենթահանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2010թ. հուլիսին: 2010թ. նոյեմբերին Հայաստանն ընդունել է Սահմանային անվտանգության և սահմանների համապարփակ կառավարման ռազմավարությունը: Աշխատանքները շարունակվում են նաև միգրացիայի և ապաստանի հարցերով ազգային ծրագրի մշակման ուղղությամբ:
• Որոշ քայլեր են ձեռնարկվել մարդկանց թրաֆիքինգի վերացման, թմրամիջոցների և փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ: Սակայն ոչ մի առաջընթաց չի արձանագրվել ոստիկանության և դատական համակարգի համագործակցության, ինչպես նաև տվյալների պաշտպանության ոլորտում: 2010թ. մարտին մեկնարկել է Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրը:

 Ոլորտային համագործակցություն. Օրինակներ

• Տրանսպորտ. Մեկնարկել է 2009-2020թթ. տրանսպորտային սեկտորի զարգացման ռազմավարության իրականացումը: Առաջընթաց է գրանցվել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և երկաթգծերի վերականգնման հարցերում: Հայաստանի Ճանապարհային անվտանգության խորհուրդը սկսել է իր աշխատանքները. կյանքի է կոչվել ճանապարհային անվտանգության ռազմավարությունը, որի արդյունքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները:
• Էներգիա. 2010թ. մայիսին Հայաստանը դիմել է Էներգետիկ համայնքի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար: ԵՄ-Հայաստան էներգետիկ հարցերով ենթահանձնաժողովի առաջին հանդիպումը կազմակերպվել է 2010թ. նոյեմբերին: Հայաստանը շարունակել է Մեծամորի ատոմակայանի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքները և շարունակել վարկավորել ատոմակայանի փակման ֆոնդը` նկատի ունենալով 2016թ.ատոմակայանի ծրագրված փակումը: ԵՄ շարունակում է հորդորել Հայաստանին՝ ատոմակայանը փակել հնարավորինս շուտ, մինչև ծրագրված ժամկետը, քանի որ Մեծամորի ատոմակայանը չի կարող արդիականացվել այնքան, որ համապատասխանի միջուկային անվտանգության միջազգային չափանիշներին:
• Շրջակա միջավայր. Շրջակա միջավայրի Կովկասի տարածաշրջանային կենտրոնը շարունակում է գործունեություն իրականացնել՝ ներառյալ տեղեկավության և հանրային մասնակցության հարցերում: Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կոնվենցիային կից՝ շրջական միջավայրի ռազմավարական գնահատման արձանագրությունը: Հայաստանը նաև ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային է ներկայացրել  կլիմայի փոփոխության վերաբերյալ Ազգային երկրորդ ծրագիրը:
• Կրթություն. Բոլոնիայի գործընթացի համատեքստում մշակվել է 2010-2015թթ. ռազմավարական ծրագիրը: Հայաստանյան ուսանողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Էրազմուս Մունդուս մագիստրոսական ծրագրերին: Բացի այդ, Երևանի պետական համալսարանին է շնորհվել Ժամ Մոնեի միջառարկայական մոդուլը, որը կենտրոնացած է ԵՄ-Կովկաս հարաբերությունների վրա:
• Մշակույթ. Մշակութային ծրագրի ներքո` Հայաստանը մասնակցել է 2010թ. ԵՀՔ երկրների հատուկ գործողությանը:
• Առողջապահություն. Եվրոպական հանձնաժողովը և Հայաստանը հաղորդակցության ուղիներ են հաստատել հասարակական առողջության ճգնաժամային պայմաններում էպիդեմիոլոգիական տեղեկատվության փոխանակման համար:

ԵՄ-Հայաստան – ՀԻՄՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ) համակարգում է Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները: 2009թ. ի վեր ԵՄ իրականացնում է Արևելյան գործընկերությունը` ԵՀՔ արևելյան ուղղությունը, որի նպատակն է հարաբերությունների էական խորացումը արևելյան 6 հարևանների հետ՝ հետևյալ ուղիներով.
–  Երկկողմ հարաբերությունների ուղի, որի նպատակներից է Ասոցացման համաձայնագրերի կնքումը խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքների հետ, այն պարագայում, երբ բոլոր պայմանները համապատասխանեցված են, ինչպես նաև մուտքի արտոնագրերի և մարդկանց տեղաշարժի հարցերում առաջընթացը
– Բազմակողմ հարաբերությունների ուղի (օրինակ` միջկառավարական պլատֆորմներ և առաջատար նախաձեռնություններ)
Այս մոտեցումը թույլ է տալիս իրականացնել հարաբերությունների քաղաքական աստիճանական մերձեցում և ավելի խորը տնտեսական ինտեգրում:

ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ

1999թ – Ուժի մեջ մտավ ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը:
2006թ – Հաստատվեց ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագիրը:
2009թ – ԵՄ Խորհրդատվական խումբը (ԵՄ կողմից ֆինանսավորված) սկսեց իր գործունեությունը` նպատակ ունենալով օժանդակել հայկական իշխանություններին՝ իրականցնելու  ԵՀՔ Գործողությունների ծրագրի հիմնական  ոլորտները:
2009թ –  Տրանսպորտի ոլորտում երկու ծրագրերի համար Հարևանության ներդրումների մեխանիզմը 14.6 միլիոն եվրո տրամադրեց դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տեսքով: Հայաստանը նաև կարող է օգտվել էներգետիկ և ֆինանսական ոլորտների համար առկա տարածաշրջանային երեք ծրագրերից, որի գումարը կազմում է 24 միլիոն եվրո:
2007-2010թթ –  ԵՀԳԳ  փաթեթը Հայաստանի համար կազմում է 98.4 միլիոն եվրո:
2011-2013թթ –  Հայաստանի 2010-2013 թթ. Ազգային ինդիկատիվ նոր ծրագիրն ընդունվել է 2010թ. մարտին և ունի 157.3 միլիոն եվրոյի բյուջե: Ծրագիրը խթան է հանդիսանում ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրով սահմանված քաղաքական հիմնական նպատակների իրականացման համար և ունի հետևյալ երեք առաջնահերթությունները. 1. ժողովրդավարական կառույցներ և լավ կառավարում, 2. առևտուր և ներդրումներ, կարգավորիչ համապատասխանեցում և բարեփոխում, 3. սոցիալ-տնտեսական բարեփոխում և կայուն զարգացում:

ԱլԳ ՔՀՀ առաջին աշխատանքային խմբի ներկայացուցիչների հանդիպումը

2011թ. մայիսի 27-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի  առաջին աշխատանքային խմբի ներկայացուցիչների հանդիպումը: Մասնակիցները քննարկել են ԱլԳ ՔՀՀ առաջընթացի խնդիրները, խոսել ԱլԳ ՔՀՀ աշխատանքային 1-ին խմբի առաջարկությունների իրականացման ընթացքի եւ հետագա ծրագրերի մասին, ներկայացվել են  աշխատանքային ենթախմբերի զեկույցները:

Հանդիպման մասնակիցները հայտարարություն են ընդունել՝ կապված Վրաստանում մայիսի 26-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք խորապես ցավում ենք ս.թ. մայիսի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, երբ ոստիկանության հասարակական կարգի պահպանության ուժերը կոպտորեն ցրել են հիմնականում խաղաղ ընթացող ցույցը՝ կիրառելով չափից դուրս մեծ ուժ: …Մենք դիմում ենք Վրաստանի կառավարությանը՝ հորդորելով անհապաղ սկսել լիարժեք եւ անաչառ հետաքննություն…եւ պատասխանատվության ենթարկել դրա պատասխանատուներին: …Իշխանություններից պահանջում ենք ձեռնպահ մնալ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ձերբակալություններից եւ ընդդիմության ակտիվիստների նկատմամբ իրականացվող անօրինական ճնշումներից: …Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ խնդրելով անկախ հետաքննություն պահանջել վրացական կառավարությունից եւ վերահսկել այն միջոցները, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքների հետագա խախտումները կանխարգելելուն»:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.