Թողարկում 53

Բելգիայում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Ղեկավար կոմիտեի հանդիպումը

2011 թ. մայիսի 4-5-ը Անտվերպենում տեղի է ունեցել ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի երկրորդ հանդիպումը։ Այն կազմակերպվել է շտապ կարգով եւ փոխարինել ապրիլին Մինսկում տեղի ունենալիք հանդիպմանը, որը ձախողվել էր բելառուսական կողմի՝  Արեւմտյան Եվրոպայի որոշ երկրներից Կոմիտեի անդամներին մուտքի վիզաներ տրամադրելուց հրաժարվելու պատճառով։ Հանդիպմանը, որին ներկա էին Կոմիտեի 17 անդամներից 14-ը, քննարկվել են համաժողովին վերաբերող մի շարք հարցեր։

Արդեն մայիս ամսվա կեսին ՔՀՀ պաշտոնական կայքէջում կհայտարարվի 2011թ. նոյեմբերի 28-30-ը Պոզնանում կայանալիք՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության  երրորդ համաժողովի մասնակցության հայտերի ընդունման մասին։ Համաձայն կանոնակարգի՝ այդ հանդիպմանը չեն կարող մասնակցել քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք արդեն երկու անգամ անընդմեջ մասնակցել են Բրյուսելում (2009) եւ Բեռլինում (2010) տեղի ունեցած ամենամյա համաժողովների աշխատանքներին։ Դիմումների ընդունումը կտեւի մինչեւ 2011թ. հունիսի 24-ը։ Համաժողովին հրավիրված կազմակերպությունների վերջնական ցանկը կհաստատվի Ղեկավար կոմիտեի հաջորդ՝ 2011-ի հուլիսին կայանալիք հանդիպման ժամանակ։

Միանգամայն հասկանալի է. որ Կոմիտեի անդամների՝ Անտվերպենում տեղի ունեցած հանդիպմանն առանձնակի ուշադրություն է հատկացվել առաջիկա համաժողովի նախապատրաստմանը։ Արդեն իսկ պարզ է, որ վերջինիս ծրագիրը կտարբերվի նախորդ երկուսից։ Արդեն հայտնի է, որ պոզնանյան համաժողովը կտեւի երեք օր եւ բաժանված կլինի պաշտոնական եւ գործնական մասերի։ Համաժողովի անցկացման եւ բովանդակային հագեցվածության խնդրում առանձնահատուկ դեր կունենա ընդունող կողմը՝ լեհական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։ Կազմակերպիչները ձգտում են ծրագրին տալ գործնական ուղղվածություն, դրա համար էլ համաժողովի շրջանակներում տեղի կունենան ոչ միայն աշխատանքային խմբերի ավանդական հանդիպումները եւ համաժողովի կառույցների ընտրություններ, այլ նաեւ ՔՀԿ-ների տոնավաճառ, տարածաշրջանային միջպետական ծրագրերի շնորհանդեսներ եւ մի ամբողջ շարք թեմատիկ սեմինարներ։

Առաջիկա շաբաթների ընթացքում տեղի կունենան ՔՀՀ աշխատանքային չորս խմբերից երկուսի հանդիպումները։ Մասնավորապես, մայիսի 27-ին Բրյուսելում տեղի կունենա «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն»՝ աշխատանքային առաջին խմբի հանդիպումը, իսկ հունիսի 23-ին Կիեւում նախատեսված է «Բնապահպանություն, կլիմայական փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն»՝ աշխատանքային երրորդ խմբի հանդիպումը։ Աշխատանքային խմբերի համակարգողները շարունակում են հանդիպումների նախապատրաստման եւ մասնակցության հայտերի ընդունման աշխատանքները։

Ղեկավար կոմիտեի գործունեության շրջանակներում ակտիվացել են ԱլԳ ՔՀՀ նոր հայեցակարգի մշակման աշխատանքները։ Եվրահանձնաժողովի կողմից 2009թ. համաժողովին իր գործունեության սկզբնավորման ժամանակ առաջարկված հայեցակարգը կպահպանվի որպես հիմք՝ նոր հայեցակարգի համար, սակայն  կլինեն էական փոփոխություններ, քանի որ այն այս պահին չի արտացոլում համաժողովի առկա վիճակը եւ զարգացման հեռանկարը։ Մասնավորապես, նոր փաստաթղթում հստակորեն կշարադրվեն համաժողովի նպատակները եւ խնդիրները, դրա ներքին կառուցվածքը, մասնակիցներին առաջարկվող ծառայությունները, համագործակցության եւ որոշումների  ընդունման մեխանիզմները։ Նախատեսվում է, որ հայեցակարգի սեւագիր տարբերակը հանրային քննարկման կներկայացվի արդեն 2011թ. հունիսին, իսկ փաստաթղթի վերջանական տարբերակը կընդունվի  այս տարվա աշնանը Պոզնանում տեղի ունենալիք ՔՀՀ հանդիպմանը։

Առանձնակի ուշադրության է արժանի Եվրամիության լեհական նախագահության շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստությունը։ ԱլԳ ՔՀՀ-ն նախատեսում է այդ հանդիպմանը ներկայացնել ծրագրի անցած երկու տարիների սեփական գնահատականը, ինչպես նաեւ Արեւելյան հետազոտությունների կենտրոնի եւ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ զուգահեռ անցկացնել քաղաքացիական հասարակության կոնֆերանս։

ՔՀՀ Ղեկավար կոմիտեի հաջորդ հանդիպումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 14-15-ին, Քիշնեւում։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.