Թողարկում 51

Ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ուղերձը Քաղաքացիական հասարակությանը

                       Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Երևան,  29 ապրիլի, 2011

Տիկնայք և պարոնայք,

Թանկագին ընկերներ, 

Ես շատ ուրախ եմ այսօր Հայաստանում գտնվելու համար: Սա իմ երկրորդ այցն է այս գեղեցիկ երկիր: Իմ առաջին այցից գրեթե մեկ տարի է անցել: Այսօր ես հրաշալի հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի կառավարության անդամների և այլ կարևոր անձանց հետ: Արտասահման կատարած իմ այցերի ժամանակ ես անպայման հանդիպում եմ նաև քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների հետ, ուստի շատ եմ կարևորում այսօրվա հավաքին իմ ուղերձը հղելու հնարավորությունը: 

Հայաստանը Եվրոպական միության համար կարևոր հարևան է: Մենք մշտապես ամրապնդում ենք մեր երկկողմ հարաբերությունները: Հայաստանը նաև առանցքային դերակատար է Հարավային Կովկասի տարածաշրջանում: 

Հայաստանը Եվրոպական hարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության լիիրավ անդամ է, արևելյան այն ուղղության, որի սկիզբը դրվեց Պրահայում, երկու տարի առաջ, ԵՄ 27 պետությունների ղեկավարների և կառավարությունների և վեց արևելյան գործընկեր պետությունների կողմից: Ես ուրախ եմ, որ մենք կիսում ենք արժեքներ, որոնք ընկած են այս գործընկերության հիմքում: Սա ոգեշնչող է Հայաստանի կայուն զարգացման և աճող բարգավաճման համար:

Հարևանության քաղաքականությունն անշարժ գործիք չէ: Ես Երևանում եմ գտնվում իմ հայ զրուցակիցների հետ ընթացիկ հարաբերություններին ընդհանուր գնահատական տալու համար և բացահայտելու նոր ոլորտներ, որտեղ մեզ անհրաժեշտ է ուժեղացնել մեր ջանքերը մեր հարաբերությունների խորացման և ընդլայնման համար:

Անցած մի քանի ամիսների ընթացքում ոչ մեկի աչքից չեն վրիպել Հարավային Միջերկրականի քաղաքական իրադարձությունները: Սրանք և՛ արևելքում, և՛ հարավում Եվրոպական միության և նրա գործընկեր պետությունների համար ընդգծել են ուժեղ և կայուն քաղաքականության կարևորությունը: Այս, այսպես կոչված, Արաբական գարնանային բողոքի ցույցերը նաև համընկնում են Եվրոպական hարևանության քաղաքականության վերանայման գործընթացի հետ, որը ես ղեկավարում եմ Քեթրին Էշթոնի` ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի և Հանձնաժողովի փոխնախագահի հետ միասին: Շուտով համատեղ փաստաթղթում մենք կներկայացնենք մեր առաջարկները, սակայն այսօր ես կցանկանայի կիսվել ձեզ հետ Եվրոպական հարևանության քաղաքականության ներկայիս իրավիճակի և ընդհանուր առմամբ դրա ապագա ներուժի, ինչպես նաև Հայաստանի առնչությամբ ունեցած իմ մտքերով:

Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին խռովությունները հստակորեն ցույց տվեցին, որ կարող են լինել  միայն իրական, տևական կայունություն և բարգավաճում` հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: Ես պետք է խոստովանեմ, որ գործընկերների հետ իր հարաբերություններում Եվրամիությունը թերևս ոչ միշտ է ուշադրությունը բևեռել այս հանգամանքի վրա: Մենք հաճախ ենք հակված եղել հանդուրժելու բռնապետական ռեժիմները՝ հանուն կայունության տարածաշրջանում: Բայց վերջերս տեղի ունեցած դեպքերն ապացուցեցին, որ այդ կայունությունը նման է անապատում երևացող տեսիլքի:

Քաղված դասն այն է, որ մենք պետք է ժողովրդավարության մեր առանցքային արժեքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն  է՛լ ավելի հիմնավոր կերպով ամրագրենք հարևանության քաղաքականության կենտրոնում: Մենք պետք է կառավարությունների և հասարակության ներկայացուցիչների հետ կառուցողական երկխոսության միջոցով աջակցենք ժողովրդավարական զարգացումներին: Մենք պետք է է՛լ ավելի արդյունավետ միջոցառումներով օժանդակենք այս ընդլայնված ներգրավվածությանը: Սա միակ ուղին է՝ հարևանության տարածքում ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելու և հզորացնելու համար: Առողջ ժողովրդավարության անկյունաքարը կենսունակ քաղաքացիական հասարակությունն է: Ուստի ես կարծում եմ, որ անհրաժեշտ է Հարևանության համար հիմնել մի հատուկ Քաղաքացիական հասարակության մեխանիզմ: Մենք նպատակ ունենք լրացուցիչ գումարներ հայթայթել դրա համար և ցանկանում ենք հավաստիանալ, որ մեր աջակցությունը լիովին համապատասխանում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարիքներին: Մեր նպատակն է մեծացնել այդ կազմակերպությունների հայացքների քարոզչական կարողությունները, բարեփոխումները մոնիտորինգի ենթարկելու և ԵՄ ծրագրերի իրականացմանը մասնակցելու նրանց ունակությունները: Քաղաքացիական հասարակության վրա ավելի մեծ ուշադրություն դարձնելու հետ մեկտեղ` Եվրամիությունը պատրաստ կլինի շարունակել աշխատել այն գործընկերների հետ, ովքեր ձեռնամուխ են լինում այն լուրջ բարեփոխումային ծրագրերի իրականացմանը, որոնք համահունչ են Արևելյան գործընկերության առանցքային արժեքներին: Այլ կերպ ասած, մենք կարող ենք առաջարկել «ավելին` ավելիի դիմաց» այն երկրներին, որոնք ցուցաբերում են բարեփոխման լուրջ հանձնառություններ: Մասնավորապես, պատրաստվում ենք հատուկ ուշադրություն ցուցաբերել հետևյալ ոլորնտներին.

  • ազատ և արդար ընտրություններ
  • անդամակցության, արտահայտման և հավաքների ազատություն
  • անկախ դատական համակարգ
  • պայքար կոռուպցիայի դեմ
  • անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումներ։

Մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հետ մեկտեղ, այս ոլորտներում արձանագրված առաջընթացը խթան կհանդիսանա ԵՄ կողմից ավելի մեծ աջակցության:

Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր գործընկերոջ հատուկ իրավիճակին առանձին, այլ ոչ թե «համընդհանուր մոտեցում բոլորին» սկզբունքը կարևոր է լինելու: Այս մոտեցման կենտրոնական գաղափարն է լինելու աջակցությունը և բարեփոխման շարժառիթները: Թույլ տվեք նշել այսպես կոչված 3 կետերը. շուկայի հասանելիությունը, մարդկանց տեղաշարժը և փողը:

Առաջին. Շուկայի հասանելիություն

Շուկայի հասանելիությունը կարևոր է մեր գործընկերների տնտեսական և սոցիալական զարգացման համար: Աստիճանական ինտեգրումը Եվրամիության ներքին շուկայի և իր 500 միլիոն սպառողների հետ՝ մեր գործընկեր երկրներում նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի համար և այդպիսով կնպաստի  արդիականացմանը և աճին այդ երկրներում: Արևելյան գործընկերության ներսում Եվրամիությունը նպատակ ունի գործընկեր պետությունների հետ ստեղծել խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքներ, երբ որ իրականացվեն համապատասխան պայմանները:

Երկրորդ. Մարդկանց տեղաշարժ

Մուտքի արտոնագրերի տրամադրման հեշտացումը և երկարաժամկետ առումով մուտքի արտոնագրերի ազատականացումը կառավարությունների համար միայն շարժառիթներ չեն բարեփոխումներ իրականացնելու համար: Սրանք գործիքներ են, որոնցով աճում է շփումը գործընկեր պետությունների մարդկանց և Եվրամիությունում քաղաքացիների և բիզնեսների միջև: Ես մարդկանց տեղաշարժը տեսնում եմ որպես հարևանության ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարական հասարակությունների զարգացման անբաժանելի տարր:

Երրորդ. Փող

Եվրոպական միության կողմից բարեփոխումների կոչը չի սահմանափակվում միայն պայմանների ներկայացմամբ և հայտարարությունների հնչեցմամբ: Կարևոր հանգամանք է հանդիսանում ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Հարևանության քաղաքականության վերանայման մասն է կազմում ԵՄ առանց այն էլ ձգված բյուջեում նոր միջոցների հայթայթումը, որպեսզի կարողանանք ֆինանսավորել մեր նոր հավակնությունները, ինչպես նաև գտնենք համապատասխան մեխանիզմ, որը կապահովի ֆինանսավորման ճկուն  միջոց, որն էլ կբավարարի գործընկերների կարիքները, ինչպես նաև կարձագանքի բարեփոխումներում իրական առաջընթացին:

Ի լրումն շուկային, տեղաշարժին և փողին, ԵՀՔ ընթացիկ վերանայման միջոցով մենք հնարավորություն ունենք որոշ ոլորտներում ավելի մանրամասն առաջարկներ կատարել: Թույլ տվեք մի քանի օրինակ ներկայացնել.

=> ԵՄ ծրագրերին ավելի լավ հասանելիություն և մասնակցություն ԵՄ գործակալություններում,

=> համագործակցության ընդլայնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը և էներգետիկան,

=> փնտրել հնարավորություններ հետագա համագործակցության համար այնպիսի ոլորտում, ինչպիսին է Համընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը, ներառյալ՝ հավանական ավելի շատ ներգրավվածությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտություններին վերաբերող հարցերում, որպեսզի աջակցենք ամբողջական կայունությանը և անվտանգությանը բոլոր մարդկանց համար:

Տիկնայք և պարոնայք, ինչ են նշանակում Եվրոպական հարևանությունը, Արևելյան գործընկերությունը և ընթացիկ վերանայման գործընթացը Հայաստանի համար: Մի քանի տարի առաջ Հարևանության քաղաքականությանը Հայաստանի միանալուց հետո, մենք միասին նշանակալից արդյունքներ ենք ցուցաբերել:

Առաջին. անցած տարվա հուլիս ամսից սկսած՝ մենք բանակցում ենք նոր Ասոցացման համաձայնագրի շուրջ: Եվ մենք կարող ենք հպարտանալ, որ մինչև այսօր էական առաջընթաց է գրանցվել: Նոր համաձայնագիրը կտանի նոր քաղաքական ասոցացման, նաև՝ տնտեսական ինտեգրման` բաղկացուցիչ մաս կազմող` խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի միջոցով: 

Երկրորդ. Այժմ հստակ հեռանկարներ կան մարդկանց տեղաշարժի ընդլայնման և միջանձնային շփման հեշտացման համար: Այլ գործընկեր պետությունների (ինչպես օրինակ՝ Ուկրաինա, Մոլդովայի Հանրապետություն) լավ առաջընթացի և փորձի վրա հենվելով` հուսով եմ, շուտով կհասնենք Հայաստանին` քաղաքացիների տեղաշարժն ընդլայնելու համար: Հուսով եմ, որ մինչև տարեվերջ կսկսվեն մուտքի արտոնագրի տրամադրման հեշտացման համաձայնագրի և հետընդունման շուրջ բանակցությունները: Այս նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունները և դրանց իրականացումը պահանջում են  վարչական բավարար կարողություն:   Այդ իսկ պատճառով, Եվրամիությունը նախատեսել է հատուկ դրամական աջակցություն գործընկեր պետությունների համար: 2011-2013թթ. ժամանակահատվածում Հայաստանի համար նախատեսված 32 միլիոն եվրո կազմող Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը կօգնի Հայաստանին՝ բարեփոխման օրակարգի իրականացման գործում: 

Երրորդ. ԵՄ-ն առաջարկում է ընդլայնված ոլորտային համագործակցություն Հայաստանի և իր բարեփոխումային ծրագրի համար կարևոր այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, ինստիտուցիոնալ հզորացումը և տարածաշրջանային զագացումը: Թույլ տվեք նշել, որ մենք դրական ենք համարում Էներգետիկ համայնքում որպես դիտորդ լինելու՝ Հայաստանի ցանկությունը: Դա կհաստատի ավելի սերտ կապեր մեր էներգետիկ շուկաների միջև և էներգետիկայի ոլորտում կապահովի հետագա իրավական համապատասխանեցում Հայաստանի և Եվրամիության միջև: 

Չորրորդ. Մենք բերում ենք տարածաշրջանային զարգացման և համախմբվածության ԵՄ փորձառությունը, որը բարեփոխման գործընթացի կայունության համար շատ կարևոր է: Ուստի, մեր հայ գործընկերների հետ համակարգելով, մենք կմշակենք Տարածաշրջանային զարգացման փորձնական ծրագրեր: Հայաստանի համար նախատեսվում է 7 միլիոն եվրո 2012-2013թթ. ժամանակահատվածի համար: 

Հինգերորդ. Արևելյան գործընկերության բազմակողմանի մակարդակում առաջընթաց է գրանցվել այն ոլորտներում, որոնք խթանում են ժողովրդավարության կառուցումը, տնտեսական զարգացումը, էներգետիկան և մարդկանց միջև շփումները մի շարք պլատֆորմների և առաջադեմ նախագծերի միջոցով: ԵՄ-ն հետամուտ է աջակցել ոչ  միայն Արևելյան գործընկերության անդամ յուրաքանչյուր  պետության և ԵՄ-ի, այլ նաև Արևելյան գործընկերության մասնակից բոլոր պետությունների միջև հարաբերությունների սերտացմանը։ 

Տիկնայք և պարոնայք, թույլ տվեք ամփոփել խոսքս մի քանի մտքերով քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցության մասին: Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն արդեն լավ հիմքերի վրա է և շարունակում է իր աշխատանքը: Այնուամենայնիվ, վերջինիս աշխատանքի բարելավման տեղ կա: Այն չի կարող լինել զուտ կիսախորհրդատվական մարմին, որը կառավարությունների համար առաջարկություններ է պատրաստում: Նրա դերը պետք է տեսնել շատ ավելի լայն համատեքստում: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կենտրոնական դեր են կատարում անհատների համար պլատֆորմ պատրաստելիս, որպեսզի նրանք մասնակից լինեն ժողովրդավարական հասարակության կայացմանը և աջակցեն բարեփոխումներին:

Այստեղ՝ Հայաստանում, ես կոչ եմ անում ձեզ բոլորիդ՝ առավելագույնի հասցնել ձեր արդյունավետությունը: Շատ կարևոր է, որ Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմներն ամբողջությամբ օգտագործեն առկա ներուժը համատեղ գործողության համար, և որ այդ ներուժը չխաթարվի ներքին որևէ անհամաձայնությամբ:

Տիկնայք և պարոնայք, թանկագին ընկերներ, կցանկանայի ամփոփել՝ ասելով, որ մենք ապրում ենք մարտահրավերներով լի և հուզիչ ժամանակաշրջանում: Մարտահրավերներով լի, քանի որ Հարավային Միջերկրականում և արաբական աշխարհում քաղաքական և տնտեսական փոփոխության ուժգնացած ցանկությունները մի կողմից հաստատել են Եվրամիության աջակցության կարևորությունը, բայց միևնույն ժամանակ մատնացույց են արել այն ոլորտները, որտեղ մենք բոլորս` Եվրամիությունը և գործընկերները, կարող ենք ավելի լավ գործել: Հուզիչ է, որովհետև այն մեզ հնարավորություն է տալիս կարգավորել մեր հարաբերությունների շրջանակը` նպատակ ունենալով ավել լավ աջակցել մեր հարևանությունում ժողովրդավարացման և բարեփոխումների գործընթացին:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

Ներկայացվեց «Գործնական ուղեցույց դեպի Եվրամիություն» գիրքը

Երեւան, 26 ապրիլի, 2011թ. 

«Գործնական ուղեցույց դեպի Եվրամիություն» գիրքն ամփոփում և ներկայացնում է Եվրամիության կառույցներին և Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին առնչվող տեղեկատվությունը: Այն հրատարկվել է Բրիտանական խորհրդի EU skills ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ պետական գերատեսչությունների և միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Գրքի հեղինակ Քոլմ Դաունսը  եւս ներկա էր: 

Արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը, ով նաև Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայանագրի գլխավոր բանակցողն է, նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություններից է: Նա նկատեց, որ Եվրամիության մասին անհրաժեշտ տեղակատվություն պարունակող գրքի հրատարակությունն արդիական է և պահանջված: Գրքի շնորհանդեսին ելույթ ունենալիս Կարինե Ղազինյանը հույս հայտնեց, որ առաջիկայում ևս կշարունակվի նախարարության և Երևանում Բրիտանական դեսպանատան ու Բրիտանական խորհրդի միջև ձևավորված համագործակցությունը: 

«Եվրաինտեգրմանը գործընթացը դյուրիններից չէ: Այն պահանջում է քաղաքական կամք, առաջնորդություն` Եվրամիության նկատելի աջակցությամբ: Միացյալ Թագավորության EU skills  ծրագիրն օգնեց քաղծառայողներին՝ վստահ և պրոֆեսիոնալ կերպով հաղորդակցվել Եվրամիության իրենց գործընկերների հետ»,-ասաց Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Քանի որ Հայաստանն ավելի մոտ է կանգնած Եվրամիությանը, էական է դարձել, որ քաղծառայողները հասկանան` ինչ է Եվրամիությունը և ինչպես է այն աշխատում: Ինչպես այլ կազմակերպություններ, Եվրամիությունը ևս ունի իր բառարանը և աշխատելու ոճը: Այդ պատճառով փորձագետի կողմից գրված գրքի կարիք մենք իսկապես ունեինք»,- ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը։

Գիրքը տպագրվել է հայերեն և անգլերեն: Այն կտրամադրվի պետական կառույցներին և համալսարաններին: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ EU sklls ծրագրի հաջողությունը մեծապես կախված էր ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունից: Նա հատկապես կարևորեց ՀՀ վարչապետի աջակցությունը և էկոնոմիկայի, արտաքին գործերի ու քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությունը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.