Թողարկում 48

ԵվրոպաԱրցախ. նոր հնարավորություններ

ArtsakhNews.am 

7 ապրիլի, 2011

Եվրամիության խորհրդարանը ընդունել է B7-0198/2011 բանաձևը` «Եվրոպական հարևանության ծրագրի վերանայման վերաբերյալ. արևելյան ուղղություն» անունով: Բանաձևը նոր հնարավորություններ է ստեղծում հետխորհրդային տարածքի չճանաչված/մասամբ ճանաչված երկրների համար:

Մասնավորապես, Եվրախորհրդարանը խորհուրդ է տալիս ԵՄ տարբեր իրավասու մարմիններին  «ուսումնասիրել պրագմատիկ նախաձեռնություններն ու նորարարական մոտեցումները, ինչպիսիք են խորհրդակցությունները և  ոչ պաշտոնական շփումները վերոնշյալ երկրների հասարակության և դե-ֆակտո իշխանությունների» հետ` պահպանելով չճանաչման սկզբունքը:

Վերջին շրջանում բավականին շրջանառվում է «ներգրավում առանց ճանաչման» մոտեցման գաղափարը, ինչի նպատակն է հնարավորություն տալ հետխորհրդային չճանաչված/մասամբ ճանաչված երկրներին` ներգրավվել Եվրամիության տարբեր ծրագրերի մեջ, հատկապես` քաղաքացիական հասարակության շրջանակներում: Այս մոտեցումը տարբեր կերպով առաջ է մղվում նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումում և դրանից դուրս:

Մասնավորապես, Արցախի եվրոպական շարժումը վերջին տարվա ընթացքում Երևանում և Թբիլիսիում հավատարմագրված ԵՄ դիվանագետների հետ հանդիպումներում, Եվրախորհրդարանի տարբեր պատգամավորների և ԵՄ այլ պաշտոնյաների հետ զրույցներում ողջունում է Արցախը ԵՄ տարբեր ծրագրերի մեջ ներգրավման գաղափարը: Արցախի եվրոպական շարժումը նաև բանակցություններ է սկսել ԵՄ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ` Ստեփանակերտում տեղեկատվական գրասենյակ հիմնելու վերաբերյալ:

 

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը

5 Ապրիլի, 2011

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության  համաժողովը (ՔՀՀ) կոչ է անում.

–          Ադրբեջանի եւ Բելառուսի հետ ԵՄ հարաբերություններում առաջնային տեղ տալ մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը եւ ժողովրդավարացման տանող բարեփոխումներին,

–          անհապաղ ազատ արձակել երկու երկրներում ձերբակալված քաղաքացիական հասարակության ակտիվիստներին եւ քաղբանտարկյալներին,

–          ԱլԳ բոլոր երկրներում Եվրամիության հիմնական գործընկերներ ճանաչել Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հատկապես, ՔՀՀ Ազգային պլատֆորներին, ստեղծել ԵՄ Քաղաքացիական հասարակության հիմնադրամ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հնարավորությունների ընդլայնման ֆինանսավորման եւ ԱլԳ վեց երկրների կառավարությունների հետ ՔՀԿ-ների երկխոսությանն աջակցելու համար։

Քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես ճանաչված եւ ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի շրջանակներում գործող կազմակերպությունների աշխատանքին շարունակում են խանգարել Բելառուսի եւ Ադրբեջանի իշխանությունները։

Հանուն ժողովրդավարության պայքարողները ծեծի են ենթարկվել եւ ձերբակալվել Բաքվում

2011 թվականի ապրիլի 2-ին  Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ծեծի են ենթարկել եւ ձերբակալել խաղաղ ցուցարարների, բացի այդ, ոստիկանները, որպես նախազգուշացում, մինչեւ ապրիլի 2-ը ձերբակալել են նաեւ Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը նվիրված հանրային հավաքների մասնակիցների։ ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեն վճռականորեն դատապարտում է քաղաքացիական հասարակության առաջնորդների, այդ թվում Հանքարդյունահանության ոլորտի թափանցիկության նախաձեռնության ադրբեջանական վարչության անդամ Իլհամ Հուսեինլիի եւ Ատլանտյան համագործակցության ղեկավար Սուլխեդին Ակբարի ձերբակալությունը։ Սրանք Ադրբեջանի՝ որպես Եվրոպայի խորհրդի եւ Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի անդամի՝ պարտավորությունների բացահայտ խախտումներ են։

ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Բաքվում ԵՄ ներկայացուցիչներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների գծով ադրբեջանական եւ միջազգային կազմակերպություններին՝ կալանավորվածներին բանտում հանդիպելու լիակատար հնարավորություն ընձեռել, ինչպես նաեւ անհապաղ ազատ արձակել ժողովրդավարական հանրահավաքների ժամանակ եւ դրանցից առաջ կալանավորված եւ ձերբակալված անձանց։

ԱլԳ ՔՀՀ Ադրբեջանի ազգային պլատֆորմը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է կալանավորվածների ազատման համար, եւ ՔՀՀ Ղեկավար կոմիտեն իր ափսոսանքն է հայտնում 2011թ. հունվարին Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի՝  Բաքու կատարած այցի ժամանակ  քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ չհանդիպելու առնչությամբ եւ կոչ է անում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին՝ 2011թ. մայիսի 22-ին Բաքու կատարելիք այցի ժամանակ հանդիպել ՔՀՀ Ադրբեջանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հետ։

Բելառուսական իշխանությունները խոչընդոտում են ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեի հետ Բելառուսի ազգային պլատֆորմի հանդիպումներին

2011թ. մարտին Բելառուսի կառավարական մարմինները խոչընդոտել էին Մինսկում ԱլԳ ՔՀՀ Բելառուսի ազգային պլատֆորմի համաժողովի անցկացմանը՝ հյուրանոցի տնօրինությանը պարտադրելով՝ չեղյալ հայտարարել համաժողովի անցկացման համար սրահի վարձակալման նախնական պայմանավորվածությունը։ Ավելին, Բելառուսի կառավարությունը ԵՄ անդամ երկրներից 4 մասնակիցների վիզաների չտրամադրման միջոցով խոչընդոտել էր ԱլԳ ՔՀՀ Ղեկավար մարմնի մի շարք անդամների մասնակցությանը 2011թ. ապրիլի 4-5-ը կայացած Ղեկավար խորհրդի նիստին, բացեիբաց արհամարհելով այն հանգամանքը, որ վիզաների համար հարցումները կատարվել էին Մինսկում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչների տրամադրած հրավերների հիման վրա (Ղեկավար կոմիտեն բաղկացած է ԱլԳ երկրների տասը եւ ԵՄ երկրների յոթ անդամներից)։ Արդյունքում՝ հնարավոր չի եղել լրիվ կազմով Ղեկավար կոմիտեի նիստ անցկացնել, անգամ այն պարագայում, որ նիստի անցկացումը ֆինանսավորվել էր Եվրահանձնաժողովի կողմից, իսկ անցկացման վայրն անձամբ համաձայնեցվել եւ հավանության էր արժանացել ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կողմից։

Համաձայն 2010թ. դեկտեմբերին տարածած իր հայտարարության՝ ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեն մեկ անգամ եւս կրկնում է բելառուսական իշխանություններին ուղղված իր կոչը՝ անհապաղ ազատ արձակել 2010թ. դեկտեմբերի 19-ին՝ նախագահական ընտրությունների անցկացման օրը ձերբակալված ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին, ինչպես նաեւ ընդդիմության կողմից առաջադրված նախագահության թեկնածուներին եւ նրանց կողմնակիցներին։

2009թ. մայիսի 7-ին ԱլԳ փարիզյան գագաթաժողովում ԵՄ-ի եւ հարեւան 6 երկրների, այդ թվում Բելառուսի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության Կառավարությունների կողմից ստորագրված համընդհանուր հռչակագրով՝ մասնակիցները համաձայնության էին եկել այն հարցում, որ Արեւելյան գործընկերությունը հիմնված կլինի միջազգային օրենսդրական սկզբունքների եւ հիմնարար արժեքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման, շուկայական տնտեսության, կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման վրա։

ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեն ադրբեջանական եւ բելառուսական իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ դադարեցնել քաղաքացիական հասարակության, այդ թվում նաեւ ՔՀՀ ազգային պլատֆորմների գործունեության խոչընդոտումը։ Ղեկավար կոմիտեն կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին, ԵՄ խորհրդին եւ ԵՄ անդամ երկրներին՝ համակողմանի խորհրդատվություն տրամադրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ Ադրբեջան, Բելառուս եւ ԱլԳ այլ երկրներ (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) կատարած յուրաքանչյուր այցի ընթացքում  ՔՀԿ-ների հետ ուղղակի շփումներ ապահովել՝ այդ երկրներում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների պաշտպանության վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար։

Բացի այդ, Ղեկավար կոմիտեն Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ անդամ երկրներին կոչ է անում աջակցել քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությանը ԱլԳ պլատֆորմների եւ թեմատիկ խմբերի նիստերին, փորձագիտական քննարկումներին եւ ուղենիշային նախաձեռնություններին՝ դիրեկտիվային փաստաթղթերի ծրագրերին նախապես ծանոթանալու հնարավորության ապահովմանը եւ ՔՀԿ-ների ներուժի զարգացմանն աջակցելու, ՔՀԿ-ների եւ կառավարությունների միջեւ երկխոսությանն օժանդակելու նպատակով Արեւելյան հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո ՔՀՀ հատուկ հիմնադրամի ստեղծման միջոցով։

ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեն ընտրվել է 2010թ. դեկտեմբերի 18-19-ին, Բեռլինում, ավելի քան 200 ՔՀ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած Քաղաքացիական հասարակության համաժողովի կողմից։ ՔՀՀ-ն հիմնադրվել է 2009թ.-ին, Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ կապերի զարգացման եւ պետական մարմինների հետ նրանց երկխոսությանն աջակցելու» նպատակով։

ՔՀՀ մասնակիցների 2011-2012թթ. ծրագրերով  նախատեսված է համեմատական զեկույց պատրաստել ԱլԳ անդամ վեց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի դիտարկման վերաբերյալ։

http://www.eap-csf.eu/en/news-events/news/eastern-partnership-statement

 

 

 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.