Թողարկում 47

«EAST INVEST» ծրագիրը 8,5 մլն եվրո կներդնի ԵՄ Արեւելյան հարեւանության տարածաշրջանում առեւտրի զարգացման համար

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

30.03.2011

2011թ. մարտի 31-ին Բրյուսելում ներկայացվել է ԵՄ «EAST INVEST» տարածաշրջանային նոր ծրագիրը, որն իր 8,5 մլն եվրո բյուջեով կոչված է փոքր եւ միջին ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցություն միջոցով խթանել առեւտուրը եւ ներդրումները Եվրոպական հարեւանության Արեւելյան տարածաշրջանում։ Ինչպես տեղեկացվում է EuropeAid գործակալության տարածած մամուլի հաղորդագրության մեջ՝ «EAST INVEST»-ի 85 գործընկերները, որոնց շարքում գործարարության աջակցող կազմակերպություններ են ԵՄ-ից եւ գործընկեր երկրներից, հիմնադիր համաժողովում պետք է համաձայնեցնեին միջոցառումների աշխատանքային պլանը։

Համաժողովի գլխավոր նպատակը «ծրագրի հաջող մեկնարկին նպաստելն է, ծրագրի աշխատանքային ընդհանուր հեռանկարի եւ առանձին գործողությունների մեկնաբանությունն ու ժամկետների նախնական ճշգրտումը,- ասված է մամուլի հաղորդագրությունում։

ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այս ծրագիրը նկարագրում է որպես «մի ամբողջ շարք կոնկրետ ծրագրերից մեկը, որը կոչված է Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման ճանապարհին աջակցելու Արեւելյան գործընկերության երկրներում իրականացվելիք տնտեսական բարեփոխումներին»։

«EAST INVEST»-ը ձգտելու է ընդլայնել եւ աշխուժացնել գործարար կապերը Եվրամիության եւ Արեւելյան հարեւանության տարածաշրջանի պետական եւ մասնավոր հաստատությունների միջեւ՝

  • պետական եւ մասնավոր հատվածների միջեւ երկխոսության խրախուսման եւ որոշումների կայացման գործընթացում մասնավոր հատվածին խորհրդատվություն տրամադրման,
  • ԵՄ եւ Արեւելյան հարեւանության երկրների ձեռնարկությունների միջեւ առաջավոր փորձի փոխանակման եւ գործընկերային հարաբերությունների հաստատման,
  • Արեւելյան հարեւանության տարածաշրջանում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցող կացմակերպությունների ներուժի զարգացման միջոցով։

Ծրագրի իրականացումը վերահսկում է Eurochambres-ը՝ Եվրոպական արեւտրաարդյունաբերական պալատների ասոցիացիան։ (ENPI Info Centre)

 

Արեւելյան գործընկերները համաձայնության են եկել փոքր բիզնեսի ոլորտում համագործակցության հիմնական սկզբունքների շուրջ

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

01.04.2011

ԵՄ Արեւելյան գործընկերները ստորագրել են Եվրոպայում փոքր բիզնեսի մասին օրենքով (Small Business Act for Europe (SBA) սահմանված՝ համագործակցության հիմնական սկզբունքներին վերաբերող շրջանակային փաստաթուղթ, որն ուղղված է ձեռնարկատիրական գործունեության ուսուցմանն ու փոքր բիզնեսի զարգացման որակավորման բարձրացմանը։ Ըստ Կրթության եվրոպական հիմնադրամի (ETF) տարածած մամուլի հաղորդագրության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի էկոնոմիկայի եւ կրթության նախարարությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են ցուցիչների առաջին խումբը, որոնք կկիրառվեն 2011-ի մայիսին սկիզբ առնող ռազմավարության գնահատման ժամանակ։

Ցուցիչները ներառում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ձեռնարկատիրության երկարաժամկետ ուսուցման գործում համագործակցության հաստատումը եւ առաջավոր փորձի եւ հմտությունների վերաբերյալ հիմնարար տեղեկությունների փոխանակումը։

Կրթության եվրոպական հիմնադրամի տնօրեն Մադլեն Սերբանն ընդգծել է համագործակցության կարեւորությունը ԵՄ Արեւելյան հարեւանության երկրներում առավել մրցունակ եւ բաց տնտեսության ձեւավորման գործում։ «Կրթության եւ տնտեսության միջեւ առկա անջրպետի վերացումը կարեւոր նշանակություն ունի բիզնես որակավորման առաջարկի եւ պահանջարկի լավագույն համապատասխանեցում ապահովելու գործում»,-նշել է նա։ Սակայն կրթական համակարգի միջոցով ձեռնարկատիրության հիմնական կարողությունների զարգացման հանդեպ հետաքրքրության մեծացմանը զուգահեռ՝  դա համարվում է իրականացվող քաղաքականության պարտադիր պայման»։

Ըստ մամուլի հաղորդագրության՝  Մոլդովայի կրթության փոխնախարար Լորետա Հանդրաբուրան  հստակորեն արտահայտվել է Եվրոպայում փոքր բիզնեսի մասին օրենքով նախատեսված քաղաքականության հանդեպ իր երկրի հետաքրքրվածության մասին։  «Մենք պատրաստ ենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ Եվրոպայում փոքր բիզնեսի մասին օրենքին համապատասխանող քաղաքականության  մշակման համար»,- ասել է նա։ Համագործակցության ամրապնդման նպատակով փոխնախարարը ներկաներին հրավիրել է մասնակցելու Քիշնեւում, աշնան վերջին, իրենց նախարարության կողմից կազմակերպվող՝ ձեռնարկատիրության ուսուցմանը նվիրված տարածաշրջանային խորհրդակցությանը։

«Ես ջերմորեն ողջունում եմ մոլդովական կողմի առաջարկը,- ասել է Եվրոպայի կրթական հիմնադրամի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD), ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համագործակցության ռազմավարության գնահատման աշխատանքները ղեկավարող՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆոլկեր Գենեցկին։ «Համագործակցությունը եւ սեփականատիրությունը վճռորոշ նշանակություն ունեն Արեւելյան հարեւանությունում Փոքր բիզնեսի մասին օրենքի հաջող կիրառման հարցում, եւ ինչպես փորձը ցույց տվեց՝ Մոլդովայի նախաձեռնությունները վկայում են երկրների ներգրավվածության բարձր մակարդակի մասին»։

Եվրոպական կրթական հիմնադրամի քաղաքականությունը համապատասխան միջոցներով օժանդակում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում Եվրամիության անդամության թեկնածու երկրներում եւ Հարավային գործընկեր երկրներում ձեռնարկատիրության եւ ձեռնարկատիրական հմտությունների ուսուցմանը։

Եվրոպական կրթական հիմնադրամը Եվրամիության հաստատություն է, որը ստեղծվել է ԵՄ գործընկեր երկրներում կրթական համակարգին եւ ուսուցման զարգացմանն աջակցելու նպատակով։ Տարեկան 18 մլն եվրո բյուջեով՝ հիմնադրամն օգնում է անցումային տնտեսություն ունեզող եւ զարգացող երկրներին՝ ԵՄ արտաքին քաղաքականության համատեքստում ավելի արդյունավետ օգտագործել մարդկային կապիտալը կրթական համակարգի, ուսուցման եւ աշխատաշուկայի բարեփոխումներ իրականացնելիս։ (ENPI Info Centre)

 

Մոլդովայում ստեղծվել է ԱլԳ ՔՀՀ Ազգային պլատֆորմ

 

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Մոլդովայի ազգային պլատֆորմի հիմնադիր համաժողովը տեղի է ունեցել 2011թ. մարտի 25-ին։ Ներկաների թվում են եղել ՔՀՀ Բրյուսելի եւ Բեռլինի համաժողովների մասնակից, ՔՀՀ 4 պլատֆորմներում ընդգրկված  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ավելի քան 30 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կազմակերպությունների անդամներ։ Համաժողովում քննարկվել են Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով իրականացվելիք ԱլԳ ՔՀՀ հիմնական առաջնահերթություններին վերաբերող հարցեր։ Արեւելյան գործընկերության սկզբունքների վրա հիմնված Ազգային պլատֆորմն իր կարեւոր խնդիրներն է համարում.

  • ՔՀԿ-ների եւՄոլդովայի կառավարության միջեւ համագործակցության խթանումը,
  • ՔՀԿ-ների դերի բարձրացումը՝ Արեւելյան գործընկերության  բոլոր չափորոշիչներով։

Համաժողովին մասնակցել են Արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարարության ներկայացուցիչներ, ովքեր արտահայտել են իրենց տեսակետները  ԱլԳ գործընթացներում ՔՀԿ-ների ներգրավվածության եւ Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններում ՔՀԿ-ների դերի վերաբերյալ։ Նրանք ընդգծել են  ԱլԳ պաշտոնական պլատֆորմներում ՔՀԿ-ների ներգրավվածության կարեւորությունը։

Համաժողովի ավարտին քննարկվել է Ազգային պլատֆորմին անդամակցելու կարգը։ ԿարՃատեւ քննարկումներից հետո որոշվել է, որ Ազգային պլատֆորմը, լինելով Մոլդովայի՝ ԱլԳ եւ Եվրոպական ինտեգրացիային վերաբերող հարցերի բանավիճային ֆորում, պետք է բաց լինի Արեւելյան գործընկերությամբ հետաքրքրվող բոլոր ՔՀԿ-ների համար։   Ազգային պլատֆորմին անդամության պարտադիր պայման է համարվել ՔՀԿ-ի՝ առնվազն 2 տարվա պետական գրանցման եւ ընթացիկ գործունության առկայությունը։

 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.