Թողարկում 45

Բարոզոն ողջունել է ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ բանակցությունների առաջընթացը  

     (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

16.03.2011 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ողջունել է ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ բանակցությունների առաջընթացը։ 2011թ. մարտի 15-ին, Բրյուսելում, Հայաստանի  վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է. «Այս համաձայնագիրը մեր լայնածավալ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները կբերի նոր մակարդակի եւ Հայաստանն ավելի կմոտեցնի Եվրոպական միությանը»։
 
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տնտեսական ինտեգրացիան ավելի կխորանա՝ առաջիկայում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծմամբ,– ասել է Բարոզոն։ Նա ավելացրել է, որ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսելու համար  անհրաժեշտ է ինստիտուցիոնալ եւ վարչական բարեփոխումների ոլորտում հետագա առաջընթաց ապահովել։ Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին ամեն կերպ աջակցում է բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ պայմանների կատարման համար, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ հաստատությունների կայացման ծրագրի եւ խորհրդատվական խմբերի միջոցով։
 
Բարոզոն խոսել է Հայաստանում մեդիա բազմակարծության ամրապնդման, ինչպես նաեւ ընտրական գործընթացների բարելավման կարեւորության մասին։              

«Մեր համատեղ հանձնառությունը համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ, մեր հարաբերությունների կարեւոր մասն է եւ հիմք է հանդիսանում Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության ընդլայնման համար», – ասել է նա։
 
Անդրադառնալով վիզաների խնդրին՝ ԵՀ նախագահ Բարոզոն նշել է, որ ԵՄ-ի եւ իր գործընկեր երկրների միջեւ շարժունակության աճը շարունակում է մնալ որպես Արեւելյան գործընկերության եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարեւոր նպատակ։ Նա հայտարարել է, որ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում։
 
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Բարոզոն ասել է, որ ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատային գծում մշտական զինված ​​ընդհարումների եւ տարածաշրջանի՝ շարունակվող ռազմականացման առնչությամբ։ «Եվրամիությունն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը հիմնված է լինելու ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Մենք մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող բախումների առնչությամբ: Առկա ստատուս-քվոն անընդունելի է»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն։

 Քաղաքացիական հասարակության համար տեղ չգտնվեց

Մամուլի հաղորդագրություն

ԱլԳ  Քաղաքացիական հասարակության Բելառուսի ազգային պլատֆորմին մերժել են սրահ տրամադրել «Քաղաքացիական հասարակության դերն ապագայի ռազմավարության գործում» թեմայով կոնֆերանսի անցկացման համար, որը պետք է տեղի ունենար մարտի 19-20-ին,  Մինսկի միջազգային կրթական կենտրոնում (IBB). Սակայն մարտի 14-ին կազմկոմիտեին հայտնի է դարձել, որ IBB-ին տարածքի տրամադրման հարցում չի կարողացել համաձայնության գալ իր հիմնադիրներից մեկի՝  Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի որոշման պատճառով: Ձեւական պատճառաբանություններով՝ Crowne Plaza Պլազա հյուրանոցի ադմինիստրացիան նույնպես անսպասելիորեն մերժել է կոնֆերանսի անցկացման համար սրահ տրամադրել։

Կոնֆերանսի կազմկոմիտեն համարում է, որ այդ որոշումները բելառուսական իշխանությունների նպատակաուղղված գործողություններ են՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի Ազգային պլատֆորմի գործունեությունը խոչընդոտելու նպատակով։ Նման բացահայտ հակամարտության պատճառ կարող էր հանդիսանալ միջոցառման թեմատիկան եւ հնարավոր մասնակիցների կազմը։ Ազգային պլատֆորմը հանդես էր եկել քաղաքացիական հասարակության եւ  ժողովրդավարական ընդդիմության համախմբման, ինչպես նաեւ  միավորված ուժերի հնարավոր միասնական ռազմավարության մշակման գաղափարով։ Կոնֆերանսին մասնակցելու են հրավիրվել ոչ միայն քաղաքացիական հասարակության գործիչներ եւ փորձագետներ, այլ նաեւ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Կոնֆերանսի անցկացման փաստացի արգելքը խիստ ապակառուցողական քայլ է՝ հատկապես Արեւելյան գործընկերության կարեւորության մասին Բելառուսի արտաքին գործերի նախարարության հրապարակային հայտարարությունների ֆոնի վրա։ Անտեսելով նախաձեռնության հիմնական բաղադրիչներից մեկը՝ Քաղաքացիական հասարակության համաժողովը,  բելառուսական իշխանությունները փաստորեն խախտում են Արեւելյան գործընկերության շրջանակներում ընդունված պարտավորությունները։

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի համանախագահ եւ ՔՀՀ Բելառուսի ազգային համակարգող Վլադ Վելիչկոն ստեղծված իրավիճակն այսպես է մեկնաբանել.  «…Մինսկի քաղգործկոմի անհեթեթ ու անհասկանալի քայլն է։ Ազգային պլատֆորմը միշտ եղել եւ մնում է բաց հարթակ՝ երկրի եւ քաղաքացիական հասարակության զարգացմանն առնչվող հրատապ խնդիրների քննարկման համար։ Ընդունելով փոխադարձ երկխոսության կարեւորությունը՝ մենք երբեք չենք խոչընդոտել ցանկացած հասարակական կազմակերպության, այդ թվում` բացահայտ իշխանամետ միավորումների մասնակցությանը մեր միջոցառումներին։ Ես համոզված եմ, որ բելառուսական իշխանությունների այդ գործողություններն անարձագանք չեն մնա քաղաքացիական հասարակության հանձնաժողովի Ղեկավար կոմիտեի Արեւելյան գործընկերության երկրների ՔՀՀ Ազգային պլատֆորմների եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից»։

 

Դասընթաց ուսուցիչների համար

Մենք մեր Տեղեկագրի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք այն մասին, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Եվրոպա» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրոպական միության աջակցությամբ հրատարակված «Բարեւ, Եվրոպա» գիրքը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը երաշխավորվել էր որպես ուսումնական ձեռնարկ`հանրակրթական դպրոցներում փորձնական կարգով գործածության համար: Ահա, որպես այս ծրագրի շարունակություն, 2011թ. մարտի 12-13-ին  Ծաղկաձորում, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական գրասենյակի (ԱԵՊԼԱԿ) հետ դասընթաց էր կազմակերպել ձեռնարկի փորձնական կիրառման համար ընտրված երկու վարժարանների՝ Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի եւ Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի հասարակագիտության, պատմության, իրավագիտության եւ քաղաքագիտության ուսուցիչների համար։

Դասընթացը, որին մասնակցում էին ԱԵՊԼԱԿ-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փորձագետները եւ գրքի հեղինակ Գայանե Թերզյանը, նպատակ ուներ օգնել ուսուցիչներին՝ Եվրամիությանը վերաբերող ինստիտուցիոնալ կրթության ռազմավարության եւ մեթոդիկայի մշակման եւ կիրառման գործում։

Advertisements
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.