Պատվիրակություններին առնչվող նորություններ
ԵՀՔԳ տեղեկատվական կենտրոն
10-02-2011
Տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման (TAIEX )գործիքի աշխատաժողովում քննարկվել են վիզաներին եւ միգրացիային վերաբերող հարցեր
Տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման (TAIEX )գործիքի աշխատաժողովում ԵՄ-ի եւ Հայաստանի ներկայացուցիչների քննարկումների հիմնական թեման եղել են վիզաներին եւ միգրացիային առնչվող հարցերը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասված է, որ Երեւանում 2011-ի փետրվարի 8-9-ին տեղի ունեցած քննարկումների նպատակն է եղել «անհրաժեշտ հող նախապատրաստել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման եւ ռեադմիսիայի հաձայնագրերի շուրջ հետագա բանակցությունների համար»:
«Մենք ձգտում ենք հետագայում հասնել ավելիին, քան սոսկ դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ համաձայնագիրն է: Մենք դիտարկում ենք վիզաների մի շարք կատեգորիաների դյուրացման հարցը»,- իր ելույթում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը:
– Քաղաքացիների ազատ տեղաշարժի խրախուսման եւ վիզաների ստացման դյուրացման հարցերը Արեւելյան գործընկերության կարեւոր կողմերն են, որոնք նախատեսում են վիզաների դյուրացման եւ անօրինական միգրանտների վերադարձի (ռեադմիսիայի) վերաբերյալ համաձայնագրերի կնքում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Աշխատաժողովը կայացավ` շնորհիվ 2010-ին Արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ԵՄ-Հայաստան ենթակոմիտեի ստեղծմամբ` Եվրամիության եւ Հայաստանի միջեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության ամրապնդման: Այն դարձավ երկխոսության ակտիվացմանը միտված գործնական քայլերից մեկը:
Տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման (TAIEX )գործիքը աջակցում է Եվրոպական հարեւանության անդամ երկրներին` վերոհիշյալ ոլորտներում ԵՄ օրենսդրությանը մոտենալու եւ իրավակիրառության ներդրման խնդիրներում: Դա հիմնականում կատարվում է հարցուպատասխանի սկզբունքով եւ հնարավորություն է ընձեռում հրատապ կերպով ստանալ փորձագիտական օգնություն կոնկրետ խնդիրների լուծման հարցում: Օժանդակությունն իրականացնում են փորձագետները` գործուղումների, սեմինարների եւ ճանաչողական այցելությունների միջոցով: